Անկարան «3+3»-ի հանդիպմանը մտադիր է հայտարարություն անել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրին աջակցելու մասին. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը, որին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​աղբյուրին։

«Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը իր ելույթում կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը: Ակնկալվում է, որ շեշտը կդրվի այն բանի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է մի գործընթացի, որին զուգահեռ ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Դիվանագիտական ​​աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն: Հայտարարության տեքստում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հայտարարության տեքստում նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ