Այսպիսի արքեպիսկոպոսը մտահոգիչ է. Գալստանյանի և կամպանիայի ծրագիրը՝ շեղել օրակարգից. Ազատ Արշակյան

Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթանում էին խորհրդարանական լսումներ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումները գումարվել են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։ Լսումներին մասնակցում է նաև Բագրատ Գալստանյանը։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։

— Պարոն Արշակյան, ըստ Ձեզ՝ «Հայաստան» դաշինքի այսօր նախաձեռնած լսումներն ի՞նչ նպատակ են հետապնդում։

— Նպատակը կարծում եմ՝ պատրաստվում են հաջորդ ընտրություններին, դա ուղղակի քաղաքական քարոզչական կամպանիա է, որը ենթադրում է հերթական, հաջորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգ։ Իսկ եթե բովանդակային նայենք, ես կարծում եմ, որ նրանք առանձնապես աչքի չեն ընկել, ավելի ճիշտ՝ ընդհանրապես աչքի չեն ընկել պետականության, պետականաշինության նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքով։

Իսկ պարոն Գալստանյանը նո՞ր է իմացել, որ հռչակագիր կա։ Դրա համար հարկավոր էր վաղուց պայքարել, անկախության համար պայքարել, պետականության համար պայքարել, նա պետք է պայքարեր դրա համար, և նրանցից շատերը հռչակագրի բովանդակության համար պետք է պայքարեին, հեղինակեին հռչակագիրը, նրանք պետք է անպայման իրենց մասնակցությունն ունենային, տեքստի վրա պետք է աշխատեին։

— Այդ նույն Դաշնակցությունը չէ՞ր Անկախության հռչակագրին դեմ քվեարկողը։

— Ոչ միայն դեմ քվեարկեցին, նրանք դեմ էին անկախությանը, նրանք պետականությանն էին դեմ։ Դրա համար ասում եմ, որ դա որպես քարոզչական ակցիա հետաքրքիր է։

— ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ այսօրվա լսումները նրա համար են, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչպես են մեր իշխանություններն Ադրբեջանի պահանջները հատիկ-հատիկ կատարում։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը։

— Ես ինքս վերապահումներ և հատուկ կարծիք ունեմ մեր իշխանությունների վարքագծի վերաբերյալ, բայց որ նրանց համարում են Ադրբեջանի կամակատար, այ դա ես չեմ ընդունում։ Ես չեմ պատկերացնում՝ Ադրբեջանն ինչ կատեգորիայի պետություն է Հայաստանի իշխանության համար և ինչ տեսակարար կշիռ ունի, ինչ ազդեցություն ունի, որ Հայաստանի իշխանությունները թողել են ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների հինգ միջուկային պետություններին, կատարում են Ադրբեջանի կամքը։ Դա ուղղակի անհեթեթություն է։ Ադրբեջանի կամքը Հայաստանի որևէ իշխանություն չի կարող կատարել ոչ հատիկ-հատիկ՝ փուլ առ փուլ, ոչ էլ՝ փաթեթով։ Դա անհնար է։

— Այսօրվա լսումների ժամանակ Բագրատ Գալստանյանն իր ելույթում ասել է, որ «ՔՊ-ին ընտրող 680 հազար հոգու ճակատին դաջված է հող հանձնողի պիտակ, և իրեն դա մտահոգում է»։ Կխնդրեմ Ձեր կարծիքը հայտնեք այս հայտարարության մասին, մանավանդ որ դա ասում է մի մարդ, որն իբրև թե եկել էր «հաշտության օրակարգով»։

— Եթե մտահոգությունը երևույթ է, մենք էլ պետք է մտահոգվենք, որ այդպիսի հոգևորականը, գուցե նախկին հոգևորականը, սիրո, համերաշխության, խաղաղության, հնազանդության քարոզիչը, պատկերացրեք ինչ հայտարարություն է անում, դա իրոք մտահոգիչ է։ Այսպիսի արքեպիսկոպոսը մտահոգիչ է։ Ուրեմն ինչ մակարդակ է տիրում մեր եկեղեցու սպասավորների մոտ։ Արքեպիսկոպոսը եթե այդպիսի հայտարարություն է անում, բա էն շարքային հոգևորականները որտե՞ղ են գտնվում։ Դա հարկավոր է ստուգել, հարկավոր է ինչ-որ ձևով իմանալ՝ ում մոտ ենք մենք գնում մեր երեխաներին կնքում կամ պսակադրություն անում, եթե սա արքեպիսկոպոսն է։ Ըստ էության՝ կղերաֆեոդալական մտածելակերպ է դա։ Ժողովրդավարությունը հենց այն է, որ ընտրողների մի մասն ընտրում է իր ուզածին, իսկ ընտրողների մյուս մասը՝ իր ուզած մարդուն։ Ոչինչ էլ պետք չի դաջել, նրանց չի կարելի պիտակավորել, նրանք այդպիսի ծրագրեր ունեն, նրանք այդպիսի համակրանք ունեն, ուրեմն՝ 680 000 հոգի այդպիսի ծրագիր է ունեցել։ Նրանցից ոչ ոք Արցախը հանձնելու ծրագիր չի ունեցել, Արցախը մենք չենք հանձնել։

— Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու, որի օրը և վայրը դեռ «գաղտնի» են պահվում։ Ինչպես նաև նշվում է, որ այդ հավաքին Բագրատ Գալստանյանը ներկայացնելու է առաջիկա անելիքները և շարժման ծրագրերը, քննարկվելու է նաև մեր երկրում ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ ակնկալել այս հավաքից։

— Դա նվեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, եթե դա Բագրատ Գալստանյանն է ներկայացնելու, նշանակում է՝ դա ձախողված է, դա անհետաքրքիր է, դա հեռանկար չունի, այսինքն՝ ինչ-որ մեկը, սցենարիստը ռեյտինգ է նվիրում։ Սա՞ է լինելու այլընտրանքը։ Քանի դեռ դրանք այլընտրանք են, ՔՊ-ն կարող է ինքն էլ օրակարգից շեղվել, ճիշտ այնպես, ինչպես մի քանի օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցող քննարկմանը։ Դա էլ օրակարգից դուրս մի բան էր։ Այսինքն՝ օրակարգից մեր հասարակությանը, մեր պետությանը և իշխանությանը շեղելու համար է, դա վնասարարություն է, թե ինչպես կարելի է ՀՀ-ին վնաս տալ՝ ահա այդպիսի օրակարգեր բերելով ասպարեզ։ Կարծում եմ՝ այդ իմաստով ստացվել է պարոն Գալստանյանի և կամպանիայի ծրագիրը, նրանք շեղում են օրակարգից։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ