Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կալանավորված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. Ժաննա Անդրեասյան

«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ որոշակի տեղեկատվություն ստանալու համար»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով. «Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել»:

Ըստ նրա՝ այժմ սպասում են իրավապահների արձագանքին, որ հասկանան ամբողջական պատկերը. «Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից, և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»:

Անդրեասյանի խոսքով՝ այն մեղադրանքը, որն առաջադրվել է ուսուցչին, չափազանց լուրջ է:

«Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են, բայց մնում են չլսված: Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ, ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքի տեսանկյունից այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել, օրինակ, անհրաժեշտ որևէ գործողություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե:

ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, ինչն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

Նշենք, որ կալանավորված աշխատակիցը դպրոցի Ֆիզիկայի ուսուցիչն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ