Պարզվում է՝ մեկն արտագաղթել է սանրվածքի, մյուսը՝ ականջին օղ կախելու, երրորդը՝ խաշ չսիրելու համար. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաինյանը նկատեց, որ բարեկեցության մեջ մտնում է նաև ազատությունը, ապա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի:

«Որովհետև ես գոնե տասնյակ դեպքեր եմ տեսել այցերի ընթացքում, ասենք եվրոպական հյուրանոցներում, երբ որ ջուր կամ թեյ ես պատվիրում, գալիս է ինչ-որ մի մատուցող, սկսում է հայաստանյան հայերենով շփվել, ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, բնականաբար հարց է ծագում, բա ինչի՞ ես արտագաղթել, ի՞նչն է պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ստեղ ես ստեղ ես աշխատում: Հետո պարզվում է, որ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել է, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ չի սիրում և սրանից բխող այլ հետևանքներ և մենք այս թեմաների հետ եթե չառնչվենք արտագաղթ երևույթը մենք չեն հասկանալում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին. «Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, Սփյուռքի ներուժը, ընենց անենք գան, ինչի՞ համար գան, կներեք էլի էդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գնա ապրի Մովսես գյուղում՝ կրակոցների տակ, ո՞վ, համենայանդեպս ցույց տվեք 15-20 նման դեպք: Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»:

Կառավարության ղեկավարը նաև նկատել է, որ արդարությունը ժողովրդագրության անբաժանելի մաս է. «Որովհետև մարդը մեկ, երկու, երեք, չորս անարդարության բախվելով, ասում է եթե իմ երկրում, իմ տանը չեմ կարողանալու իմ իրավունքները պաշտպանել, ես ի՞նչ ունեմ ինձ կապող այս երկրի հետ. ժողովրդավարությունը՝ օրինականությունն է, կարգուկանոնը, իրավակագն է, անվտանգությունը՝ ներքին և արտաքին:

Վախենամ մենք ժողովրդագրություն ասելով սովորույթի համաձայն կարող է հասկանանք միայն ծննդաբերություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ