Քյարամյանը քննչական գործողության պատմություն հանեց ջրի երես. Քոչարյան

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև այլ դրվագներ ստվերեցին այն բովանդակային քննարկումը, որը նախատեսված էր:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պետրոս Ղազարյանի՝ վախենամ դրանք ստվերեցին ոչ միայն քննարկումը, այլ ընդհանրապես իշխանությանը, դիտարկմանը, Քոչարյանն ասաց՝ շատ հնարավոր է, եթե իշխանությունները տեղի ունեցածին չտան պատշաճ գնահատական:

«Անպայման, գուցե ծառայողական քննության ձևաչափով, և Արգիշտի Քյարամյանը, և ԱԺ նման իրավիճակները տնօրինող կառույցը, նաև գուցե ես, պետք է ինչ-որ ձևաչափով բացատրություններ տանք՝ էս ինչ եղավ: Ամեն ինչ եղել է օնլայն, և բոլորը տեսել են ինչը ինչպես եղավ:

Սա Արգիշտի Քյարամյանի առաջին նման այցն էր ԱԺ նման ձևաչափով»,- ասաց Քոչարյանը:

Ղազարյանը նկատեց՝ անփորձ է եղել:

«Ինքը կրում է բարձրաստիճան զինվորականի ուսադիրներ և բավական շատ շքանշաններ: Եվ էստեղ անփորձությունն ինձ համար տասներորդական է, որովհետև երիտասարդ տարիքով հանդերձ Քյարամյանը եղել է և վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, և ԱԱԾ ծառայության տնօրեն, հիմա ղեկավարում է ՔԿ-ն: Տեղի ունեցածը ծանր նստվածք է տվել: Նման արձանագրումը պաշտոնյայի կողմից չի կարող անհետևանք մնալ, որովհետև պաշտոնյան պետք է բացատրություն տա՝ իր պահվածքն ինչի՞ արդյունքում է:

Ի վերջո էդ մարդու որոշումներով ճակատագրեր են որոշվում ՔԿ-ում: Բայց մենք տեսանք, որ ինքը իր պաշտոնական դիրքն օգտագործելով պարոն Աղազարյանի, ըստ էության տղայի հետ կապված, ինչ-որ քննչական գործողությունների պատմություն հանեց ջրի երես, որն անթույլատրելի է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ