«Անինքնասեր լինելու վկայություն». ինչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թե զբաղվում է քաղաքականությամբ

Ռոբերտ Քոչարյանն օրերս խոսել է, թեեւ նրա դեպքում նախընտրելի կլիներ, որ լռեր այն մասին, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ «2018-ին քաղաքականությունն է իրենով զբաղվել»։

(«Յա, իրո՞ք», կասեր Սերժ Սարգսյանն ու հավանաբար երեսով կտար՝ եթե քաղաքականությամբ չես զբաղվել, բա ո՞վ էր իր սատելիտների միջոցով եւ/կամ անձամբ քննադատում իմ պաշտոնավարման շրջանի այս կամ այն նախաձեռնությունն ու որոշումը՝ Մաքսային միությանը միանալուց մինչեւ արտագաղթ, տնտեսական ցուցանիշներ եւ ՀՀ սահմանադրության 2015-ի բարեփոխումներ)։

Քոչարյանը հավելել է, թե այժմ քաղաքականությամբ է զբաղվում, քանի որ «վտանգներն ու մարտահրավերներն են ստիպում», եւ մինչեւ դրանք չվերանան, ինքն ու իր թիմն իրավունք ունեն զբաղվել․․․․ 2-րդ հնագույն մասնագիտությամբ։ Քաղաքականությունը նկատի ունենք, որը, այո, ոմանք համեմատում են նաեւ անբարոյականության հետ, ոմանք էլ առարկում՝ քաղաքականությունն անբարոյականություն է, եթե դրանով զբաղվում են անբարոյականները։

Ինչեւէ, չշեղվենք ու արձանագրենք՝ Քոչարյանը, փաստորեն, զբաղվում է քաղաքականությա՛մբ, այն էլ՝ թիմո՛վ։ Ենթադրաբար՝ «թիմ» ասելով՝ Դաշնակցությանը նկատի ունի եւ մեկ էլ կալանքից ազատվելու համար մեկ տարի առաջ պատգամավորի մանդատը վերցրած հարազատ որդուն։

Հարց է ծագում՝ քաղաքականությամբ զբաղվել ասելով՝ նա հատկապես ի՞նչ նկատի ունի՝ իր չիրացված ամբիցիանե՞րը՝ դառնալ ՀՀ վարչապետ, թե՞ երկու տասնյակ՝ մանդատները պինդ գրկած, ԱԺ-ում նստած «Հայաստան»-ական պատգամավորների գործունեությունը, որոնց թիվ մեկ առաքելությունը ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվները ՀՀ թիվ մեկ ամբիոնից տիրաժավորելն ու գեներացնելն է՝ քայքայելով հայ ժողովրդի, այդ թվում՝ իրենց ընտրած քաղաքացիների տեղեկատվական իմունիտետը, արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարում ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը ներսից հարվածելն ու, ըստ էության, նոր սպառնալիքներ ստեղծելը։

Եթե քաղաքականությամբ զբաղվել ասելով՝ Քոչարյանը նկատի ունի տարին մեկ՝ տաքերն ընկնելուն պես սկսվող եւ ցրտերն ընկնելուն պես ցրվող զանազան շարժումները՝ իշխանափոխության անփոփոխ օրակարգով, ապա սա, թույլ տվեք ասել, ոչ թե քաղաքականությամբ զբաղվել է, այլ քաղաքական անադեկվատության, բթամտության, եթե կուզեք՝ անինքնասեր լինելու վկայություն։

Ինչո՞ւ, քանի որ նա ու նրա թիմն այդպես էլ ի վիճակի չեղան ըմբռնել մի պարզ ճշմարտություն՝ չունեն հանրային վստահություն, եթե չասենք՝ մերժված ու ատելի են ժողովրդի մեծամասնության շրջանում, ինչի անառարկելի ապացույցը հերթական մեռած եւ շուտով «ի վերին Երուսաղեմ» ուղեւորվելիք շարժումն է։

Արձանագրենք՝ քաղաքական խարդավանքների շնորհիվ իշխանության եկած, երկիրը «միակ տղամարդու» «գրանդիոզ մոլորությամբ» կառավարած Քոչարյանն այդպես էլ չի հասկացել «քաղաքականություն» եզրույթի իմաստը։ Եթե հասկացած լիներ, ապա, երբ ի պաշտոնե կոչված էր քաղաքականությամբ զբաղվելու, երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները չէր հանձնի մեկ այլ պետության՝ մշտական կախվածության մեջ գցելով սեփական երկիրը, դարձնելով խոցելի այդ երկրից եկող սպառնալիքների ու մարտահրավերների հանդեպ։ Եթե հասկացած լիներ, ապա իր պաշտոնավարումը կնշանավորեր քաղաքական խոսքով ու խոսույթով, եւ ոչ թե՝ մինչեւ հիմա հիշվող ու զավեշտ հարուցող արտահայտություններով (անհարմար ենք զգում մեջբերելը), նախագահի աթոռին մնալու համար էլ կպայքարեր քաղաքական գործիքներով, եւ ոչ՝ ռեպրեսիաներով, արյամբ ու ահաբեկչությամբ, ընտրություններ ու հանրաքվե կեղծելով, քաղաքական դաշտը այլասերելով ու ապականելով՝ ներդնելով տարատեսակ «դհոլների» ու «կլիենտների» ինստիտուտը։

Ի դեպ, կեղծել ասացինք, հիշեցինք․ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է եղել պատասխանել մի անդուր, դիսկոմֆորտ առաջացնող հարցի՝ ապագայում հավակնո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Իրեն «ազնիվ պիոներականի» (թե՞ կոմերիտականի) պես պահելու՝ հարցին ուղիղ ու ճիշտ պատասխանելու փոխարեն՝ Քոչարյանը որոշել է դիմել կեղծիքի՝ նետելով՝ ոչ, եւս մեկ անգամ ոչ։

«Ես եղել եմ ե՛ւ նախագահի պաշտոնում, ե՛ւ վարչապետի, եւ այդ պաշտոնն այն քաղցրությունը չունի, որ չտես մարդիկ կարող են կպնել եւ կարծել, որ դա իր կյանքի վերջին երազանքն է»,- ասել է նա:

Ֆիքսենք՝ Քոչարյանի համար պաշտոնը քաղցր բան է։ Եղել է եւ շարունակում է լինել։ Դեռ չլինե՞ր։ Պաշտոնն է, որ Ղարաբաղի մետաքսի կոմբինատի պարտկոմի երբեմնի քարտուղարին հնարավորություն տվեց «օտ ի դո» վայելել պաշտոնի բերումով տրված հաճույքներն ու զանազան քաղցրությունները (չթվենք) եւ ամենակարեւորը՝ «օտ ի դո» դիզել։ Եվ պաշտոն չունենալու բերումով է, որ այսօր նա ստիպված է քաշել իր վայելած «քաղցրությունների» եւ հատկապես դիզածի հետեւանքները՝ կանգնելով (ընտանյոք հանդերձ) Հակակոռուպցիոն դատարանի առաջ։ Եվ պաշտոնի է ձգում՝ պաշտոնի բերումով «օտ ի դո» դիզածը՝ ինչք ու ունեցվածք, փրկելու համար։ Ճիշտ է, որ «կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացներ Սերոբին», բայց նաեւ ճիշտ է, որ նորից պաշտոն ճանկելն է, որ «կքաղցրացնի» Սեդրակիչին՝ փրկելով ոչ միայն նրա ինչքն ու կայքը, այլեւ ինզինքը՝ իր պաշտոնավարման ավարտին տեղի ունեցած մասշտաբային հանցագործության՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով պատասխանատվություն կրելուց։

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, վտանգներին, պետությանը, հայրենիքին, այդ երկուսի փրկությանը․․․․ ապա սրանք սենտիմենտի ժանրից են, իսկ Քոչարյանը, ինչպես հայտնի է, (ջղա)ձիգ մարդ է՝ սենտիմենտալ բաներն նրան սազական չհամարող։ Ու այս ամենի հետ մեկտեղ ահավոր պրագմատիկ է՝ գիտի՝ քանի գործող իշխանությունը պաշտոնավարում է եւ ունի ժողովրդի աջակցությունը, փրկվելու իր օրերը հաշվված են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ