Ադրբեջանը խռոված է աշխարհից․ Ալիևը բացահայտ անցել է Մոսկվայի թևի տակ

Ադրբեջանը խաղում է բացարձակապես Ռուսաստանի դաշտում՝ ընդդեմ Արևմուտքի, մինչդեռ Թուրքիայի խաղը բացահայտ հակաարևմտյան չես համարի։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱԱՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումն էլ, որը կայացել էր Նյու Յորքում, ավելի շատ Էրդողանին էր պետք ու սա արվում էր Ադրբեջանին ինչ-որ բաներ ցույց տալու համար։

Սաֆարյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի առաջարկին՝ ուղղված Ադրբեջանին, ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպում կազմակերպել և լուծել խաղաղության պայմանագրի չլուծված հարցերը, որակեց որպես Երևանի վերջին ճիգեր՝ Ադրբեջանին բանակցային դաշտ բերելու։ «Ադրբեջանը խռովել է աշխարհից, խռովել է Եվրոպայից և թանկացնում է իր գինը», — ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ալիևը մերժելու է Երևանի առաջարկը։

Անդրադառնալով Մեթյու Միլլերի հայտարարությանը՝ Սաֆարյանն այն գնահատեց վատը ու լղոզված․ «Միլլերը փորձում է ցույց տալ, որ կողմնակալ չէ։ Միաժամանակ ասում է, որ ԱՄՆ-ն սպասում էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է ավելի վաղ ստորագրվեր»։

ԱՄՆ-ի կողմից՝ խաղաղության պայմանագիրը մինչև նոյեմբեր ստորագրելը այլևս առաջնահերթություն չէ՝ ըստ քաղաքագետի։

Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը և Ադրբեջանը չթողեցին, որ ԵՄ դիտորդները մուտք գործեն Հակարիի կամուրջ։ «Մեր պատմական բարեկամը նախընտրեց կործանել Արցախը, չթողեցին միջանցք մտնել դիտորդներին, որը նրանք կարող էին բացել։ Սկզբնական շրջանում Ալիևը համաձայնություն է տվել։ Սա ասում եմ ԵՄ-ի շատ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տրամադրված ինֆորմացիայի հիման վրա։ Ալիևը սկզբից համաձայնել է, ապա՝ մերժել, որովհետև հասկացել է, որ Ռուսաստանի հետ կստանա ամբողջը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ