Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ից սկսած, Մեծամոր համայնքի Մրգաշատ համայնքում անցկացվելու է ավանդական Մաճառի փառատոնը։

Վարչական ղեկավար Մարատ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ավանդական տոնը գյուղում նշել են 2003 թվականից։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այն չի տոնվել, չորս տարի անց այն նորից վերակազմակերպվում է։

«Մաճառ ենք պատրաստում, հյուրասիրում ենք բոլորին։ Նախկինում միայն մեր գյուղի տոնն էր համարվում, հիմա մասնակցելու է ողջ համայնքը՝ շուրջ 30 գյուղ։ Նախատեսում ենք համերգ, մեծ միջոցառում։ Հյուրասիրություն է լինում, համտեսում են մաճառը։ Ամեն գյուղ իր մաճառը պատրաստողին է բերելու»,- մանրամասնեց նա։

Վերջինիս խոսքով՝ փառատոնը խորհրդանշում է բերքահավաքի ավարտը։ Տեղի բնակիչների համար այն սիրելի փառատոներից է։

Տոնական օրը եզրափակվելու է համերգային շքեղ ծրագրով՝ Գարիկի և Սոնայի, Նիկոս Բենդի մասնակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ