Ալիևը հասկանում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այն հիմնական խոչընդոտներից մեկն է, որը թույլ չի տալիս իրեն հարձակվել ՀՀ-ի վրա. Ստյոպա Սաֆարյան

«Ադրբեջանը կրկին ԵՄ դիտորդական առաքելության թեմայի հետ կապված ակտիվացել է շատ պարզ պատճառով, որովհետև տարեսկզբին ավարտվում է երկու տարին, ինչ նրանք տեղակայվել են Հայաստան-Ադրբեջան սահմանգծին և այժմ իսկապես բանակցություններ են գնում ինչպես Ալիևն է բացահայտել` ժամկետները երկարացնելու վերաբերյալ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը Բաքվում, ընդունելով Բելգիայի նորանշակ դեսպանին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունն անընդունելի է և անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում։

Սաֆարյանի խոսքով՝ վերջերս Հայաստանում տեղի ունեցած կոնֆերանսում հստակ հայտարարվեց, որ Հայաստանի իշխանությունները, եթե ցանկանան, ապա դիտորդական առաքելության ժամկետը կերակարացվի. «ՀՀ պաշտոնյաներն իրենց ելույթներում չթաքցրին, որ չափազանց բարձր են գնահատում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը տարածաշրջանում: Կարծում եմ՝ այդ կոնֆերանսին հետևել են Բաքվում, հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները կողմ են, որպեսզի դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվի, իսկ դրա հավանականությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն երկկողմ շահագրգռվածության շրջանակներում, այլև այն պարզ փաստով, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը: Ամռանը նրանք հայտարարեցին, որ ապաշրջափակման սկզբունքները դուրս են թողնում խաղաղության պայմանագրից, հիշեցնեմ, որ դրանք շատ կարևոր սկզբունքներ էին: Հիմա Ալիևը հասկանում է, որ այդ ժամկետը երկարաձգվելու է և դրա համար փորձում է իր դժգոհությունները հրապարակայնացնել»:

Ադրբեջանը նման դիրքորոշմամբ նախկինում էլ է հանդես եկել՝ նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Նրանք նման բան արեցին նաև ապրիլի 5-ից առաջ, երբ պետք է ԱՄՆ պետքարտուղարի, Եվրամիության ղեկավարության և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենար հայտնի գագաթնաժողովը՝ Հայաստանի դիվերսիֆիկացման և դիմակայունության աջակցության ամփոփիչ հայտարարությամբ, նա փորձում էր կրկին կանխել դա: Ալիևը հասկանում է, որ ստրատեգիական բալանսը փոխվում է, ստրատեգիական բալանսը բարելավվում է ի օգուտ Հայաստանի և դա կարող է բերել նաև ռազմական բալանսի փոփոխության: Հիմա նա փորձում է հերթական անգամ թույլ չտալ, որպեսզի ռազմավարական բալանսի փոփոխությունը խորանա: Ալիևը հասկանում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այն հիմնական խոչընդոտներից մեկն է, որը թույլ չի տալիս իրեն հարձակվել Հայաստանի վրա և փորձում է ուղղակի մաքրել ճանապարհը, մանավանդ գիտակցում է, որ այդ դիրքորոշման հարցում ինքն ու Ռուսաստանը նույն դաշտում են»:

Մեր այն հարցին, թե արդյոք այս հայտարարությունները նաև նրա համար չեն արվում, որ սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպ ԵՄ դիտորդների կողմից այլևս չարձանագրվի՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Իրենք այլևս չեն կարողանում խաբել աշխարհին: Հասկանում են, որ ամեն մի միջադեպի ժամանակ գոյություն ունի ԵՄ-ի ներքին զեկույցը, որը հասնում է մինչև Բորել, Միշել: Նախկինում, մինչև ԵՄ դիտորդների տեղակայումը, տարօրինակ իրավիճակ էր առկա, որովհետև Բաքվում և Երևանում Եվրամիության անդամ դեսպանատները տարբեր բաներ էին զեկուցում, այժմ այդ իրավիճակը չկա, որովհետև արդեն ԵՄ-ն ինքն իր աչքերն ունի սահմանին և ճշգրտությամբ տեղեկացնում է, թե միջադեպի հրահրողը որ կողմն է եղել»:

Անդրադառնալով նաև ԵՄ-ի այն հայտարարությանը, որ պատրաստ է համագործակցել նաև ադրբեջանական կողմի հետ՝ մեր զրուցակիցն ասաց. «Դա Ադրբեջանից է կախված, որովհետև իրականում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ադրբեջանը համաձայնել է այդ գաղափարին, իսկ հոկտեմբերի 7-ին՝ հրաժարվել դրանից: Ակնհայտ է, որ նրան այդ հարցում քաջալերել էր Ռուսաստանը, նրանք տեղակայված էին Լաչինի միջանցքում և մտածում էին, որ եթե ԵՄ դիտորդները մուտք գործեն Քաշաթաղ և Լաչին, ապա Արցախի խաղաղապահների խնդիրը կարող է միջազգայնանալ և դուրս գալ ռուսական մոնոպոլիայի դաշտից: Նրանք հերթական վատությունն արեցին հայ ժողովրդին ու Հայաստանին, թույլ չտվեցին, որպեսզի ԵՄ դիտորդները մուտք գործեն այնտեղ և այստեղ Ալիևի թիկունքն էլ ավելի ամրացավ ու հոկտեմբերի 7-ին նա հրաժարվեց: Չնայած դրան՝ Ալիևը Պրահայում համաձայնեց, որ երբ ԵՄ դիտորդները սահմանի դիտարկում կանեն, ինքը կհամագործակցի նրանց հետ այնքանով, որքանով դա կառնչվի Ադրբեջանին: Հիմա Ալիևը սա փորձում է վերափոխել և ներկայացնել, թե իբրև ԵՄ-ն պարտավոր է իր հետ խորհրդակցել ժամկետի կամ մանդատի հարցերի վերաբերյալ, ԵՄ-ն այդպիսի պարտավորություն չունի»:

Խոսելով նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե Հայաստանն է հրաժարվել բրյուսելյան հարթակից՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Այս հայտարարությունն էլ կեղծիք է, նա ուղղակի փորձում է մեղքը բարդել մեզ վրա, բայց ԵՄ-ում լավ գիտեն, թե ով է հրաժարվել այդ հարթակից: Իհարկե, Հայաստանը պետք է հիշեցնի, որ բրյուսելյան բանակցություններն ընդհատվել են բացարձակապես Ադրբեջանի վարքագծի արդյունքում, Ադրբեջանը միշտ պնդել է, որ երրորդ կողմի միջնորդություն պետք չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ