Տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնել աշխատանքը հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության ուղղությամբ. դատախազ

«Գլխավոր դատախազությունում վերլուծվել է հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի, այդ թվում՝ խուլիգանությունների աճը և դրան զուգահեռ՝ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը։ Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է այդ ցուցիչների՝ բացասական առումով կայուն աճի միտումը»:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Վերոնշյալ վերլուծության արդյունքներով իմ կողմից 2023 թվականի ապրիլի 19-ին ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ իրավիճակն ուսումնասիրելու, պատճառներն ու նպաստող պայմանները վեր հանելու և գնահատելու նպատակով»,- ասաց դատախազը:

Նրա փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսի 30-ի պատասխան գրությամբ հայտնվել է, որ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ակտիվացնելու աշխատանքները հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ըստ Վարդապետյանի, գրությամբ հայտնվել է, որ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգավորումներին համապատասխան՝ ՆԳՆ իրավասությունից դուրս զենք պահելու կամ կրելու իրավունք ստացած անձանց հաշվառելու և զենքի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ