Նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ վիրավորների թիվը. նախարարը ներկայացրել է վիճակագրությունը

Վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների զգալի աճը:

Ազգայն ժողովում՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ տրանսպորտային միջոցների տարեցտարի շեշտակի ավելացման պայմաններում 2014-2018 թվականների համեմատությամբ արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի կամ վիրավորների թիվը ոչ միայն համադրելի է հաշվետու ժամանակահատվածի թվի հետ, այլ որոշ դեպքերում դրանք անգամ նվազել են:

«Օրինակ, եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 560.000 տրանսպորտային միջոց, և նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աճ 49-ով (297-346), ապա 2022 թվականին ունենալով շուրջ 890.000 տրանսպորտային միջոց՝ արձանագրվել է զոհերի նվազում 47-ով (368-321), իսկ 2024 թվականին հաշվառված շուրջ 935․000 տրանսպորտային միջոցի պարագայում, արդեն 8 ամիսների դրությամբ արձանագրվել է զոհերի նվազում՝ 35-ով (245-210):

Առհասարակ, ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ 380-ով՝ վիրավորների թիվը:

Կարևոր է նաև արձանագրել, որ Ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարվում են բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կազմակերպման վիճակի ուսումնասիրություններ՝ ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերից (սև կետեր) և երթևեկության ինտենսիվությունից:

Երևան քաղաքում փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը»,- ներկայացրեց նախարարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ