ՀՀ Անկախության հռչակագիրը «նսեմացումից» պաշտպանելուն են նետվել նրանք, ովքեր այն զոհաբերության սեղանին դնելու պատրաստակամություն են հայտնել

Օգտվելով այն հանգամանքից, որ փողոցային պայքարի «սրբազան փուլը» պասիվացել է, ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր ընտրազանգվածի ընդդիմադիր տոնուսը տեղը պահելու համար նոր գաղափար է հղացել՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագիծը։ Այն խմբակցության կողմից ԱԺ նախագահին է ներկայացվել հոկտեմբերի 11-ին, հիմնական զեկուցողն էլ օրերս ԱԺ ամբիոնից ԱՄՆ Անկախության հռչակագիրը (խունացած թղթի տեսքով) թափահարած, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն է։ Թեման, կհամաձայնեք, թրենդային է՝ տեղեկատվական առիթը տվել է ՍԴ-ն իր՝ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ եզրակացությամբ։ Արդ, կարելի է հանդիսականին զբաղեցնել այս «դիտումնաբեր» թեմայով, ևս մեկ անգամ լսեցնել հայտնի նարատիվները՝ մենք՝ ընդդիմադիրներս, հանդես ենք գալիս Հռչակագրի անողոք պաշտպանների դիրքերից, իսկ այս «ապազգային իշխանությունն», ահա, Ալիևի պարտադրանքով մտադիր է ոտնձգել մեր պետության «ծննդյան վկայականի» դեմ… և ուրեմն… (հայտնի երգն ու կրկներգը)։

Դառնանք նախագծին. պարոնայք հայաստանականները պնդում են, որ Հռչակագրում ամրագրված հիմնարար սկզբունքներն ու նպատակները «նսեմացվում են», դրանք «թերարժևորելու, ստորադասելու և աղճատելու» փորձեր են արվում, ընդ որում՝ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով։ Իսկ թե հատկապես ո՞ւմ կողմից են նսեմացվում, ովքե՞ր են այդ եղկելի արարքների հեղինակներն ու քանիսը, նախագծի հեղինակները հարկ չեն համարել հանրայնացնել «ողջ ցուցակը»։ Հայտնի կոմեդիայի հերոսը կասեր. «Огласите весь список, пожалуйста»։ Ու մինչ Քոչարյանի թիմում կկողմնորոշվեն «ցուցակի» հարցում՝ նկատենք՝ հիմնական զեկուցողը մի կուսակցության ներկայացուցիչ է, որն իր հեղինակած սկանդալային 004 շրջաբերականում ոչ միայն նսեմացնում, ոչ միայն ստորադասում է ՀՀ անկախությունը, այլև այն զոհաբերման սեղանին դնելու պատրաստակամություն է հայտնում՝ խոսելով ՌԴ-ի կողմից ձևավորվելիք ինչ-որ միությանը ԼՂ-ի հետ «կոլեկտիվ հիմունքներով» միանալու մասին։ Հետաքրքիր է, երբ ընկեր դաշնակցականներն անկախության զիջման մասին էին արձանագրում վկայակոչված շրջաբերականում, չէի՞ն հիշում, որ այն նույն պետության անկախության մասին է խոսքը, որն անկախացել է այդ «պետականակերտ, ինքնավար, անփոփոխելի» (էպիտետները նախագծի հեղինակներինն են) փաստաթղթում՝ Հռչակագրում, հիշատակված հիմնարար սկզբունքների և ազգային նպատակների հենքի վրա։

Սիմուլյանտությունը, նկատենք, նորություն չէ հայ քաղաքական մշակույթում և պարբերաբար կրկնվող վարքագիծ հատկապես այն քաղաքական սուբյեկտների կողմից, որոնք արտաքուստ իրենց ազգային ու այլ վեհ որակների կրող են հռչակում, սակայն «տակից», «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, գործակցում են տարբեր անդրազգային կենտրոնների ու սուբյեկտների հետ՝ դառնալով դրանց ապազգային նպատակների իրագործման գործիք։ Թե ում մասին է խոսքը, ընթերցողը, կարծում ենք, գլխի ընկավ։

Եվ ուրեմն, հայտարարության նախագծի հեղինակները ակնկալում են, որ ԱԺ-ն դատապարտի «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ստորադասելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրւթյան հետ արհեստականորեն հակադրումների գործողությունները»։ Ինչպես նաև՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատի «որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։ Ուշագրավ է հայտարարության ընդունման անհրաժեշտության հիմնավորումը։ Այս, ըստ հեղինակների, «բխում է հայ ժողովրդի անվտանգության և հայոց պետականության ամրապնդման հրամայականից»։

Փաստորեն, առանց այս հայտարարության ընդունման, «հայոց պետականության ամրապնդումն» ու «հայ ժողովրդի անվտանգությունը» մազից են կախված, մնացել են նման ընդգծված պոպուլիստական հայտարարությունների հույսին։ Հենց ԱԺ-ն ընդունեց Ռոբերտ Քոչարյանի թիմի մտքի արգասիքը, «վսյո», ազգովի «բրոնեժիլետ» ենք հագնում, դառնում «пуленепробиваемый»։ Դեռ լավ է, որ քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացնելու և Անկախության հռչակագրում ամրագրված նպատակները նսեմացնելու, դրա դեմ ոտնձգություններ կատարելու համար սահմանել է 10-15 տարվա ազատազրկում, թեև նման արարքները, ըստ ուլտրաանկախականների, արժանի են պատժվելու մահապատժի եղանակով։

Հարկ է նկատել, որ նախորդ տարի ճիշտ այս՝ քաղաքական «նորաձևության» աշուն-ձմեռ սեզոնին «Հայաքվե» կոչվող ռազմահայրենասիրական նախագիծն էր ԱԺ բերվել ու տաք-տաք քննարկվում էր։ Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում էր ՀՀ ՔՕ-ն լրացնել նոր հոդվածներով և «ՀՀ անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը» համարել պատժելի արարք՝ 10-15 տարվա ազատազրկմամբ։ Այդ նույն նախագծով մեկ այլ պոպուլիստական առաջարկ էր արվում՝ ՀՀ անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ևս դարձնել պատժելի արարք՝ դարձյալ 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Քաղաքացիական նախաձեռնությամբ, մեծ հարայ-հրոցով, PR կամպանիայով իրականացված այս գործընթացը ԱԺ մտնելուց հետո (նաև այդ հարցով լսումներ կազմակերպվեցին) արժանացավ քաղաքական մեծամասնության մերժմանը մի շարք հանգամանքներ վկայակոչելով։ Մասնավորապես՝ նախագիծն ուներ իրավական որոշակիության և ՔՕ կառուցվածքի տրամաբանության հետ խնդիրներ։ ԱԺ համապատասխան հայտարարության նախագիծը, ի դեպ, մշակել և շրջանառության մեջ էր դրել նորեն ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Այժմ, փաստորեն, «հայաքվեատիպ» այս նախագծով ԱԺ հայտարարությունների նախագծերի գծով անվիճելի չեմպիոն «Հայաստան»-ը որոշել է հերթական աղմուկը բարձրացնել, համոզված ենք՝ համոզված լինելով, որ նախագիծն այս ևս արժանանալու է նախորդ պոպուլիստական հայտարարությունների նախագծերի բախտին։ Բայց դե… ընդդիմության համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ՝ «շուխուրը», սկանդալը, էպատաժը… Ցույց տալը, որ բան ենք անում, որ բան դուրս գա, բայց դե, ամեն անգամ մեր արած բանը բանի պետք չի լինում։

Հ.Գ. Հարկ է հիշեցնել, որ նախորդ շաբաթ Գեղամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած իր ելույթում, անդրադառնալով ՍԴ-ի վերոհիշյալ եզրակացությանը, մասնավորապես հայտարարել էր. «Հռչակագրի ընդունման 34-րդ տարում ՀՀ-ում, ցավոք սրտի, ՍԴ-ն հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է»։ Եվ որպես «գլխավոր հարձակվողի» նշել էր «այս որոշման հեղինակ» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Հավանաբար ՍԴ դատավոր, գործող Սահմանադրության «կուտուրյեներից» երբեմնի ՀՀԿ-ական Հրայր Թվմասյանն էր Մանուկյանին հուշել «հարձակվողի» անունը։ Չի բացառվում՝ նաև խմբակցության կողմից վերոհիշյալ հայտարարության նախագծի շրջանառման գաղափարը։

Ինքը՝ Վահե Գրիգորյանն էլ, հիշեցնենք, նախորդ շաբաթ Հ1-ի եթերում մասնագիտական լեզվով ու հավուր պատշաճի «պորտատեղադրում» կատարեց՝ անդրադառնալով ՍԴ որոշման վերաբերյալ իրենց լեզվին ազատություն տվածներին։

Նա մասնավորապես նշեց . «ՍԴ-ի այս որոշումը բացարձակապես այն մասին չէ, ինչը քարոզվում է որոշ խմբակների, անհատների կողմից, ընդ որում, բացարձակ միաձայնությամբ Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հետ։ ՀՀ ՍԴ որոշման դեմ հայհոյախոսությամբ զբաղվող գրեթե բոլոր հեղինակները նույնական տեքստերով պնդում են այն, ինչ ասում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը»։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ