Քոչարյանի կառավարման պատճառով է այս վիճակը, պիտի գնահատական տրվի 20 տարվա կրիմինալ դիկտատուրային. Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանի վտանգների մի մասը կապված են նախկին իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործունեության հետ:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե «երկիրը վտանգների տակ է, ինչն էլ իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն»:

«Դրա մասին պետք է երկիրը մտածի և այդ շոշափուկները իր պարանոցից կտրի, հանի ու ազատի պարանոցը: Վտանգները երկրում, որ կան, իր և իր նմանների կառավարման հետևանք է, որ հասել ենք այս օրվան: Իր վերադարձը քաղաքականություն նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջը, իսկ ՀՀ-ի պարտքն է դա թույլ չտալ»,- ասում է նա:

Միաժամանակ Մեհրաբյանը նկատում է՝ Քոչարյանն այս հայտարարությունները չէր անի, եթե ժամանակին արդարադատությունը լիներ, տրվեր քաղաքական և իրավաքաղաքական գնահատական 20 տարվա կրիմինալ դիկտատուրային:

Զրուցակցի համոզմամբ՝ Քոչարյանը և նրա նմանները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, նրանց պետք է վտարել քաղաքականությունից:

«Պետք է մեկուսացնել հասարակությունից և օրենքով նրանց քաղաքական իրավունքները պետք է սահմանափակվեն, այնպես, ինչպես իր նմանների հետ անում են Մոլդովայում, Ուկրաինայում: Այսօր Լիտվայում ընտրություններ էին, Քոչարյանի նմաններին օրենքով արգելել են մասնակցել ընտրություններին՝ որպես 20 տարի կրիմինալ դիկտատուրայի ռեժիմ ստեղծած անձնավորությունների»,- ասում է նա:

Ընդհանրապես ռուսական ազդեցությունը ՀՀ-ում տարածողները պետք է զրկվեն այդ հնարավորությունից, պնդում է զրուցակիցը՝ հավելելով՝ դա պետք է հավասարվի քրեական ենթամշակույթի. «Հյուսիսի միջամտության կարևորագույն գործիքներից մեկը այս խմբակներն են, որոնք դեռ վխտում են Հայաստանում, իրենց շանսերը զրո է, զրո, ուղղակի կշարունակենք լսել այս խոսակցությունները, ու Հայաստանը առաջ չի գնա»:

Մեհրաբյանը ևս մեկ անգամ կրկնում է՝ նրանց նմանները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, վերջիններիս իրավունքները օրենքով պետք է սահմանափակվեն շատ կոնկրետ պատճառով:

«Ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով, պետք է օժտված լինի թշնամիներից պաշտպանվելու գործիքակազմով, չպետք է լինի անօգնական վիճակում, որպեսզի ամեն դուսպրծուկ իրեն ցանկացած գործունեություն հնարավոր համարի, այդ թվում՝ այլ պետության շահեր սպասարկելը ՀՀ-ի հաշվին»,- եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ