«Ճիշտ կլիներ՝ Քոչարյանն իր լռելու իրավունքից օգտվեր. նա լրացուցիչ գրգռում է հասարակությանը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Հոկտեմբերի 11-ի դատական նիստում Ռոբերտ Քոքչարյանը սկսել է դատարանին մեղադրել «օրենք բռնաբարելու մեջ», այնուհետև հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է՝ «իրավական խուլիգանություն է», և նմանատիպ մի շարք հայտարարություններ։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

«Որքան որ հասկացանք, տվյալ պահին մեղադրանք չկա, մեղադրանքը նոր պետք է լինի, որովհետև գործը գնացել է նոր քննության, դրա համար էլ դատարանը որևէ ձևով, ըստ էության, չառարկեց, ասաց՝ ձեր իրավունքն է, որտեղ ուզում եք, նստեք։ Այսինքն՝ Քոչարյանը պարտավորություն չուներ մեղադրյալի աթոռին նստելու, դրա համար էլ գնաց դահլիճում նստեց։ Ինքը կարող էր ընդհանրապես դուրս գալ, որովհետև այդ պահի դրությամբ դատախազությունն իր նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրել։ Այն հին մեղադրանքը, որը կա, դա վերջացավ գնաց, 300.1 հոդվածը գոյություն չունի, նշանակում է՝ այդ հոդվածով մեղադրանք չկա։ Զուտ իրավական մասով իր փաստաբանների դիտողությունը տեղին էր, բայց այստեղ մի ուրիշ խնդիր կա. մենք գիտենք, որ քրեական գործերով կարող են լինել նաև այլ անձինք, որոնց իրավունքները շոշափվում են տվյալ գործով։ Օրինակ՝ հարց է առաջանում, եթե ինքը մեղադրյալ չի, ինչու են նրան ծանուցում, կամ նրա փաստաբաններն են գալիս, որովհետև տվյալ դեպքում իր իրավունքներն ու շահերն այդ գործին անմիջապես առնչվում են»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, նա ասաց՝ այն, որ Քոչարյանը հիմա քննադատում է դատարանի գործունեությունը, այդ առումով բնական է համարում, և նա այլ բան չէր էլ կարող ասել, բայց անկախ դիտորդի մոտ դա բնական չի համարվում։

«Եթե մենք համեմատում ենք նախկին ու ներկա դատավարությունները, ապա տարբերությունն ակնհայտ է։ Այնպես չէ, որ դատարաններում սխալներ չեն անում, դատավարական սխալներ չեն կատարվում, բայց եթե համեմատում ենք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիների հետ, ապա հիմա դատարանը շատ ավելի անկախ է։ Դատարանի ամենակարևոր հանգամանքը իր անկախությունն է, որ որևէ մեկը չմիջամտի։ Այն ժամանակվա դատավարությունները, ակնհայտ էր, այն անկախությունը չունեին, մանավանդ գործեր էին լինում, որ փոխկապակցվածություն ունեին այս կամ այն հնչեղություն ունեցող մարդու, գործչի, իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են դատարան, ցուցմունք են տալիս, մեղադրյալի աթոռին են նստում։ Այն ժամանակ այդպիսի բան գոյություն չուներ»,- ասաց փաստաբանը։

Վերջինս Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները դիտարկում է որպես ինքնապաշտպանություն, որը տեղավորվում է ազատ խոսքի արտահայտման մեջ, և կարծում է, որ սրանով նա փորձում է ցույց տալ, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, և իր հայտարարություններով իրեն ապահովագրում է, որ հետագայում ասի, թե ինքն այդ մասին վաղուց էր ասել։

«Ես կասկած չունեմ, որ իրեն մեղադրանք են առաջադրելու, որովհետև իրականում ոչ թե հանցավոր դեպքն է փոփոխվել, այլ հոդվածն է փոխվել, վերաորակվել։ 2008 թվականի դեպքերի նկարագրությունը, որ նախաքննությունն ավարտել է, տվել է, մեղադրող կողմը գտնում է, որ այդ դեպքերը, որպես հաստատված փաստ, տեղի են ունեցել։ ՍԴ-ն ասում է՝ ոչ թե այս դեպքերը տեղի չեն ունեցել, այլ ասում է, որ այս դեպքերին քո արարքի համապատասխանությունը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին ճիշտ չի։ Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասեմ, այդ հոդվածը սխալ հոդված է, բայց հոդվածի սխալ լինելը չի վերացնում դեպքը»,- ասաց փաստաբանը։

Գևորգ Դավթյանը նաև չբացառեց, որ կարող է այնպիսի հոդված լինել, որ վաղեմության հետ որևէ աղերս չունենա։

Փաստաբանի խոսքով՝ երբ Քոչարյանն այսպիսի հայտարարություններ է անում, հասարակությունն ավելի է տրամադրվում նրա դեմ, որովհետև սա հնչեղություն ունեցող գործ է, այսինքն՝ հասարակական ընկալումը նա ոչ թե պարզեցնում է, այլ խճճում ու բարդացնում, և մեղադրանքները նրա նկատմամբ գնում են։

«Ինչ գործ ուզում է լինի, հասարակական հնչեղություն ունեցող գործերում հասարակության վերաբերմունքը տվյալ գործին որևէ մեկը չի կարող հաշվի չառնել։ Ճիշտ է, դատական համակարգն անկախ է, բայց անգամ դատական համակարգը, ուզի թե չուզի, ենթապատկերում հասարակության վերաբերմունքն ավտոմատ հաշվի է առնում։ Եվ այս ամբողջության մեջ ճիշտ կլիներ՝ Քոչարյանը գոնե իր լռելու իրավունքից օգտվեր, որովհետև նա ուղղակի լրացուցիչ գրգռում է հասարակությանը»,- եզրափակեց Գևորգ Դավթյանը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ