Պետրակովը ճգնաժամի մեջ էր, պարտության մեղավորությունը մարզչինն էր. համաձայն եմ ՀՖՖ-ի որոշման հետ, պետք էր կտրուկ քայլեր ձեռնարկել. Կարեն Գիլոյան

«Կտրուկ գործողությունների գնալու ժամանակն էր, այնպես որ ճիշտ եմ համարում ֆեդերացիայի որոշումը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պարտությունից հետո գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելու ՀՖՖ-ի որոշմանը՝ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կայացած խաղում մեր ընտրանին Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 0-2 հաշվով:

Խոսելով մեր հավաքականի ցուցադրած խաղի մասին՝ Գիլոյանը նշեց. «Ես դաշտում «գլուխ պահող» ֆուտբոլիստ չտեսա, դաշտում տեսա ֆուտբոլիստներ, որոնք այնքան էլ չէին հասկանում՝ ինչ են անում: Գուցե ֆուտբոլիստներին հանձնարարությունը հստակ չէր տրվել, կարճ ասած, ամեն ինչ հիմա չեմ ուզում բարդել մարզչի վրա, իր գլխավորությամբ նաև լավ խաղեր ենք տեսել, բայց հստակ է, որ նա ճգնաժամի մեջ էր ու վերջին երեք խաղը դրա վառ ապացույցն էր»:

Կարեն Գիլոյանի խոքով՝ ֆուտբոլը թիմային խաղ է և մարտավարությունը չափազանց կարևոր է. «Ասել, թե մենք չունենք կատարողներ, չունենք բարձր որակի ֆուտբոլիստներ՝ սխալ է, մենք տեսել ենք այս թիմի շատ լավ խաղը և իրենցից եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն իրենց թիմերում բավական լավ ֆուտբոլ են խաղում: Ինձ համար անհասկանալի էր օրինակ՝ Տիգրան Բարսեղյանին հավաքականի կազմում չընդգրկելը, ով շատ լավ, որակյալ ու արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս, ես իմ հարցը բազմիցս հնչեցրել եմ, թե ինչու նա չկա: Իհարկե, մարզչի գործերին լավ չի խառնվելը, բայց երբ տեսնում ես, որ այդ գործողության հետևանքը պարտությունն է լինում, հասկանում ես, որ այո, Տիգրան Բարսեղյանը պիտի լիներ այս թիմում և ոչ միայն ինքը: Այնպես որ ֆեդերացիան է դրա պատասխանատուն, իրենք ավելի լավ գիտեն ու կորոշեն, բայց կրկնում եմ՝ համաձայն եմ որոշման հետ, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել ու իրավիճակը փրկել»:

Մեր այն հարցին, թե արդոք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի ելքը ՀՖՖ-ին բերեց այդ որոշմանը, թե այն նախապես էր կայացվել՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց. «Երկրորդ անգամ անընդմեջ, մենք Մակեդոնիային երկրորդ խաղակես ենք պարտվում, դա հաստատ արդեն մարզչի մեղքն է ու փոփոխություններն էլ դրան բերեցին, դրա պատճառով նաև եզրը թուլացավ, այդ եզրից մենք ընդունեցինք գոլերը: Կարճ ասած, գուցե կար կանխակալ վերաբերմունք, գուցե ֆեդերացիայի ղեկավարությունը մտածել էր, թե շարունակությունն ինչ է անելու, բայց հաստատ խաղի այդպիսի ելքն արագացրեց այդ որոշումը: Խաղի պարտության մեղավորությունը մարզչինն էր»:

Անդրադառնալով նաև երկրպագուների դժգոհությանը, որն ուղղված էր նաև ֆեդերացիայի դեմ՝ Գիլոյանն ասաց. «Ես վստահ եմ, որ ֆեդերացիան ոչ միայն հիմա ճիշտ որոշում կայացրեց՝ հեռացնելով Պետրակովին, այլև արդեն ունի ծրագիր, թե ինչպես փրկի իրավիճակը: Իհարկե, երկրպագուն իրավունք ունի գոհ կամ դժգոհ լինել, ի վերջո ֆուտբոլը երկրպագուի համար է, երկրպագուն պիտի կարողանա հնարավորություն ունենալ վայելել հաղթանակի բերկրանքը, բայց վստահ եմ, որ ֆեդերացիան ճիշտ որոշումներով իրավիճակը կփորձի շտկել:  Ինչքան արագ դա արվի, այնքան լավ, որովհետև, եթե այս ֆորմատով կարծես թե այլևս անհնար է առաջին հորիզոնական գրավել, ապա առջևում աշխարհի առաջնության ընտրական փուլն է սկսվելու՝ ընդամենը մի քանի ամսից, գոնե այնտեղ պատրաստ լինենք ու պատվախնդիր խաղ ցույց տանք: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարզիչ կբերենք, իսկ որ մարզիչը շատ բան կարող է անել, դա պատմությունն էլ է ցույց տվել: Ճիշտ մարտավարության դեպքում կարելի է հասնել ամենակախարդական արդյունքներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ