Այսպես խոսում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները

Արդարացվելուց երեք տարի անց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա երեք ենթակաները վերստին կանգնել են դատարանի առաջ, վերստին նույն՝ «Մարտի 1»-ի գործով։ Սա այն գործն է, որի վերաբերյալ այս ընթացքում՝ սկսած 2008-ից, բազում շահարկումներ են եղել (այդ շահարկումները մեծ թափով շարունակվում են նաև այսօր), գործ, որով ոչ ֆորմալ՝ «հանրային արդարադատությունը» նշանակել է մեղավորներ, պատասխանատվության կանչել «հանրային տրիբունալում» և «դատավճիռ» կայացրել։ Մինչդեռ ֆորմալ առումով՝ պետության անունից արդարադատություն իրականացնող մարմնի կողմից, օրենքի տառին և ոգուն համապատասխան և միաժամանակ հանրության ակնկալիքները բավարարող արդարադատություն այս գործով դեռևս չի իրականացվել։

Երբ հեղափոխությունից հետո վերաբացվեց սույն գործը, ու հանրությունն ակնկալում էր վերջապես հագեցնել այս գործով տարիների ընթացքում կուտակված «արդարության ծարավը», այն է՝ ճաղերի հետևում տեսնել նախկին նախագահին ու նրա «հանցակիցներին», Քոչարյանի փաստաբանական թիմը, հիշեցնենք, մեկ առաքելություն էր ստանձնել՝ ամեն կերպ «կլիենտին» ազատել պատասխանատվությունից։ Իրենց առջև դրված նպատակին, նկատենք, Քոչարյանին ու նրա թիմին հաջողվեց հասնել՝ կիրառելով «դատավարական ձեռնածության» ողջ գործիքակազմը, «բանն» ընդհուպ հասցնելով «դիվան բաշուն»՝ Վենետիկի հանձնաժողովին, որին ՀՀ ՍԴ-ն դիմել էր ՔՕ 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Այս՝ հանճարեղ մշակված օպերացիայի արդյունքում ՍԴ-ն, ինչպես հայտնի է, հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել նախկին նախագահին և մյուսներին, և վերջիններս արդարացվեցին՝ այսպիսով պլստալով պատասխանատվությունից։ Սա, այո, ֆորմալ առումով իրականացված արդարադատություն է՝ օրենքի և սահմանադրականության տրամաբանության շրջանակներում, սակայն արդյոք այն կարելի՞ է համարել լիարժեք, սպառիչ արդարադատություն, առնվազն այն իմաստով, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մեղավորներն այդպես էլ չհայտնվեցին ճաղերի հետևում։ Եվ հանրությունը, որը ծարավի է այս գործով ճշմարտության բացահայտմանը, մեղադրում էր և է իշխանությանը այս գործը «պռավալ» տալու մեջ և լեգիտիմ հարցադրում անում՝ արդ, եթե Քոչարյանն ու մյուս ամբաստանվողներն անմեղ են, ապա ո՞վ կամ ովքե՞ր են հետընտրական արյունահեղության մեղավորները: Թե՞ սա ողբերգություն է, մասշտաբային հանցագործություն, որը ունի միայն հետևանքներ (սահմանադրական կարգի տապալում, բանակի ներգրավում ներքաղաքական գործընթացներին, 10 զոհեր և այլն) և չունի հանցագործներ։ Կարճ ասած՝ կա հանցագործություն, չկան հանցագործներ։

Վերստին դատաքննության ուղարկված գործն ու ընթացող դատական պրոցեսը, հուսանք, կտան այս հարցի պատասխանը, և տեղի կունենա ոչ թե «օրենքի բռնաբարությամբ», ինչպես որ նախկին ռեժիմի օրոք դատվել են սույն գործի շրջանակներում ամբաստանված ընդդիմադիր գործիչները, այլ՝ անխոցելի, եթե կուզեք՝ էտալոնային արդարադատություն։

«Ռոբիկ բռնաբարը» խոսում է «օրենքի բռնաբարությունի՞ց»

Ի դեպ, «օրենքի բռնաբարում» կապակցությունը գործածել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որի պաշտոնավարման շրջանը՝ սկիզբն ու վերջը, նշանավորվել են հենց օրենքի բռնաբարմամբ, ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ։

Այսպես ասած, ԺԷԿ-ի տեղեկանքով նախագահ դարձած, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործը բռնաբարված իրավապահ-դատական համակարգի միջոցով «հորով-մորով» արած, նախագահի պաշտոնում օրենքի բռնաբարմամբ՝ կեղծված ընտրությունների միջոցով վերարտադրված, նախագահի աթոռը օրենքի ու Սահմանադրության բռնաբարմամբ իր հաջորդին փոխանցած նախկին նախագահը, փաստորեն, այսքանից հետո իր մեջ ուժ ու խիզախություն է գտնում իր պաշտոնավարման շրջանը բնութագրող բառակապակցությունը գործածելու համար։ Այսպես վարվում են կամ հիշողության մթագնում ունեցողները, կամ էլ «конченный» ցինիկները։

Նկատենք, որ այս գործով ուշացումով իրականացվելիք, բայց, հուսանք, չուշացած արդարադատությունը լինելու է դատաիրավական բարեփոխումների, արդար դատական համակարգի ինդիկատորը։ Թե՝ անցած 6 տարիների ընթացքում արդյոք կարողացե՞լ ենք ձևավորել այնպիսի դատարաններ, որոնք ի վիճակի են այս գործի համատեքստում ապացուցել հայտնի ճշմարտությունը՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»։

Հ.Գ. Հարկ է նկատել, որ շաբաթներ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկ այլ Քոչարյան՝ ԱԺ պատգամավոր Լևոնը, վերհիշելով գաղտնալսման սկանդալային պատմությունը, կասկածի տակ դրեց «ժողովրդավարության բաստիոնի» լինելիությունը, նշեց «կոնկրետ դատավորների հետևից ընկնելու», նրանց «ճնշելու» մասին։ Ապաև հետաքրքրվեց՝ «նույն ձև ա՞ մինչև հիմա արվում էդ ամեն ինչը, թե՞ ինչ-որ սխեմա ա փոխվել, որտև որ արվում ա, դա փաստ ա, դրա ականատեսն ենք մենք»։ Նրա այս հարցուփորձը՝ «սխեմա փոխվելու» մասին, ենթադրում ենք, հենց իր հայրիկի գործով դատական գործընթացի համատեքստում էր։ Վարչապետն էլ, հիշեցնենք, թերահավատորեն նկատեց՝ «արդյո՞ք ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, որովհետև եթե դուք այդքան տեղեկացված եք, գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»: Նաև շեշտադրեց՝ անկախ դատական համակարգ ունենալը «ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար»։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ