Եկա ժամանակավոր, մնացի կես դար. Ռուդիկ Ոսկանյան՝ Գյումրու դրամատիկականի բեմական զգեստներին ծնունդ տվողն ու ապրեցնողը

«Խորեն Աբրահամյանի համար և՛ բեմական հագուստ եմ կարել, և՛ անձնական։ Քանի որ ինքը մի փոքր բագատի էր, ինձ էր վստահում իր հագուստները»։

Վարպետ Ռուդիկը Գյումրու դրամատիկականը շեմել է կես դար առաջ։ Անցնող 50 տարում շատ ռեժիսորներ, դերասաններ, նկարիչներ է ընդունել-ճանապարհել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կատակում է՝ բոլորի հետ լեզու է գտել, սրտներով գնացել։

«Եկել եմ կարի գործարանից։ Ես եկա ժամանակավոր, բայց գրավեց թատրոնն ու մնացի մինչ օրս, այսինքն՝ կյանքիս 80 տոկոսը ստեղ է անցել։ Փոշման չեմ, հիմա 77 տարեկան եմ ու չեմ էլ ուզում հրաժարվեմ»,- ասում է նա:

Դրամատիկական ետնաբեմում մի այլ աշխարհ է՝ չերևացող ու անչափ կարևոր։ Սենյակներից մեկը դերձակ Ռուդիկինն է։ Անընդհատ շարժման մեջ են և՛ ինքը, և՛ կարի մեքենան։

Եթե նոր ներկայացում՝ անպայման նոր հագուստ․ կրկնություններ չկան

Ամեն ներկայացում իր հետ իր հագուստն է բերում։ Դերձակն ասում է՝ կրկնվող զգեստներ գրեթե չկան։ Ամեն ինչ պետք է լինի առավելագույն որակյալ, գրավիչ և արդիական։ Թատրոնի հանդերձարանում գրեթե շարժվելու տեղ չկա։ Կախիչներից խնամքով կախված զգեստները ցուցադրելով՝ վարպետը հպարտանում է՝ ինչ կա՝ ես եմ կարել։

«Տարին եթե 100 հատ էլ կարած լինեմ, էդ արդեն 5000 հագուստի մասին է խոսքը։ Ամբողջ օրը մինչև հագուստը վերջնական հանձնելը աշխատանք կա։ Որ կարեցի, էնպես չէ, որ ստանդարտ մնաց ու վերջ։ Գնում-գալիս՝ աչքս մի բան տեսավ՝ փոփոխություններ եմ անում ընթացքում։ Էստեղ զգեստի ստացված լինելուց հետո երկրորդ ամենակարևոր պայմանը ժամանակի մեջ տեղավորվելն է, պետք է հասցնենք։ Իմ մոտ էլ դրված է՝ հանձնել ժամանակից շուտ»,- նկատում է նա:

Մինչև ներկայացումը անհանգիստ եմ լինում․ բեմական հագուստը՝ գերպատասխանատվություն

«Սա ավելի դժվար է, քան թե անձնական՝ դուրսը մեկի համար շոր կարեմ։ էստեղ նայողները շատ են, հազարավոր հանդիսատես, դերասանները 20-25 հոգի, շատ պատասխանատու գործ է, չափազանց պատասխանատու է։ Ամբողջ ռեժիսորական կազմին պիտի հրամցնես, որ նորմալ բան լինի, դերասաններին, հանդիսատեսին հազարավոր՝ 700-800 հոգի ամեն մի ներկայացումը։ Պիտի աշխատես գոհացնես, դերասանը գոհ լինի, հանդիսատեսը, դերասանին նայելով, պիտի գոհ լինի»,- կարևորում է նա:

Վարպետն ասում է՝ ամեն ինչ պետք է ճիշտ անել։ Թվում է, թե բեմն ու հանդիսատեսը հեռու են, աննշան շեղումները չեն երևա, բայց այդպես չէ։ Հանդիսատեսը սուր աչք ունի։ Սակայն առաջին սուր աչքն իր հոգին ու սիրտն ունեն. «Եթե ես նկատեցի, որ մի բան էն չէ, օրերով կարող է տանջվեմ, գիշերն էլ լուսացնեմ, բայց չեմ տա տանեն։ Հետո ինձ համար վատ է, որ հանկարծ դերասանս ասի՝ դյադ Ռուդիկ, ի՜նչ ես արել։ Ես առաջին հերթին մինչև իմ աչքով չանցնեմ, չեմ տա տանին։ Օրինակ՝ հիմա Հարությունյանը (նկատի ունի դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին -խմբ․) նոր ներկայացում ունի, ես էլ նոր զգեստներն եմ կարել։ Քանի օր է՝ վերջացրել էի, բայց չէի հանձնում, գալիս նայում էի, մարդ ես, կարող է մի բան վրիպած լինեի, ես էդպես չէի տա տանեին։ Ես էդ տեսակ շորեր մեկ էլ 70-ականներին եմ կարել, 4 գրպանով ստալինյան ոճի բան է։ 70-ականի սկզբին մի քիչ հագան մարդիկ ու վերջ, հիմա հինը հետ է գալիս նորից։ Մինչև խաղալու օրն էլ ուղղելու կարիք լինում է։ Եթե վատը եղավ, պիտի քանդեմ, դուրս չեկավ՝ լրիվ նորն անեմ։ Հիմա էս նոր ներկայացման հագուստները կարել եմ, տեղս չեմ գտնում, ասում եմ՝ երբ պիտի խաղան, որ ընդհանուր տեսնեմ»։

«Մարդ կա՝ տերտեր կսիրե, մարդ կա՝ իրիցկին»․ ինչը Ռուդիկին կես դար պահեց և դեռ պահում է թատրոնում

«Մարդ չի ձանձրանում, անընդհատ սպասում ես, թե ոնց կստացվի նոր աշխատանքդ։ Գիտե՞ս՝ ինչը պահեց՝ էս շորերի բազմազանությունը։ Միատեսակ չէ, քեզ կապում է էս գործի հետ, ձանձրալի չէ։ Ըդպես կամաց-կամաց մնացի ու մնացի։ Իմ սերնդից մարդ չկա մնացած, սերնդափոխություն է լինում, ու, փառք Աստծո, դաստիարակված երիտասարդներ, երեխաներ են գալիս, Լյուդվիգ Հարությունյանն էլ իր տարիքի համեմատ գործի մեջ շատ հմուտ է, և էդ հմտությունն էլ կապում է քեզ թատրոնին ու կոլեկտիվին։ Հասկանում ես, որ նա ի միջի այլոց չի վերաբերվում էս գործին»,- նշում է նա:

Ինչո՞ւ ընտրեց դերձակի մասնագիտությունը՝ հարցին, կատակով է պատասխանում։ Ասում է՝ «նախ հարմար էր, հետո էլ մարդ կա՝ տերտեր կսիրե, մարդ կա՝ իրիցկին». «Հետո էն ժամանակ էս իմ գործը՝ դերձակությունը, սովորելուց լավ էր, ես լավ գործ ունեի բացի էս թատրոնում աշխատելուց։ Հիմի է, որ մարդիկ քիչ են նախընտրում դերձակին դիմել։ Աշակերտներ եմ ունեցել առաջ, բայց հիմա չեն ցանկանում։ Գնում ռուսի մոտն աշխատում են, չեն ուզում մասնագիտություն ձեռք բերեն։ Էն ժամանակ 20-24 տարեկանը մասնագիտություն չունենար՝ ասում էին՝ պարազիտ է, իսկ հիմա սաղ առնել-ծախել-խաբելն է, կամ անընդհատ համակարգչի առաջ նստելը, հեռախոսը»։

«Մաուգլի»-ն ծանր ներկայացում էր․ բնական մորթուց հագուստները ձեռքով ենք կարել

Դերձակն իր՝ խորհրդային ժամանակաշրջանի կարի մեքենաներից գոհ է։ Ասում է՝ անփոխարինելի են ամեն հարցում, իր հասակակիցներն են, գուցե՝ ավելի մեծ, բայց իր նման կենսունակ են, աշխատանքից հրաժարվել չունեն։

Ներկայացումներ կան՝ շատ դժվար են եղել վարպետի համար, հատկապես «Մաուգլի»-ն է առանձնացնում։

«Շատ ծանր ներկայացում էր, չափից դուրս։ Սաղ բնական մորթի ու կաշի է։ Ձեռքով ենք արել մեծ մասը։ Շատ քիչ բան ենք կարել մեքենայով։ Մոտ 6-7 ամիս կարել ենք էդ ներկայացման հագուստները։ Դրա ուղղելը՝ դժվար, կարված մորթին ահավոր դժվար է քանդելը։ Ես մորթուց շորեր մեկ էլ ջահել ժամանակս էի կարել։ Էն ժամանակ պիսեց բան կար, հագնում էին մարդիկ, պատվիրում էին, կարում էի, բայց հիմա նման բաներ չեն հագնում ու շատ էլ լավ են անում՝ իմ կարծիքով։ Կաշին պրակտիկ չէ, բայց թատրոնում օգտագործվում է։ Թատրոնը հենց դրանով է գրավում, որ տարբեր նյութերի հետ էս աշխատում, միատեսակ բան չէ, որ շալվարը կարես, ստանդարտ նույնը լինեն, գույները տարբեր։ Չկա նման բան»,- ասում է նա:

Ամեն բան պակաս էր՝ լույս, ջերմություն, նյութ․ Գյումրու դրամատիկականի դժվար տարիները

«Դժվար էր երկրաշարժից հետո, բայց թատրոնը համարյա թե չմասնատվեց։ Համարյա 1 ամիս անց նորից հավաքվեց կոլեկտիվը, ու թատրոնը չդադարեց գործել։ Ուղղակի աշխատանքը էդ մութ ու խոնավ տարիներին դժվար էր։ Ծանր օրեր էին, հանդիսատես գրեթե չկար, ով կարող էր ոտք դնել թատրոն։ Բայց էլի փառք Աստծո. ղեկավարությունը կարողացավ ժողովրդին կապել թատրոնին, մշակույթին։ Մարդիկ չկտրվեցին թատրոնից»,- հիշում է դերձակը։

Վարպետ Ռուդիկն այդ ընթացքում է միայն աշխատանքային դժվարություններ ունեցել։ Ամեն բան չի ճարվել, ամեն ինչի պակաս է եղել. «Էդ տարիներին ամեն բան պակաս էր՝ լույս, ջերմություն, նյութը չէր ճարվում։ Ես հիշում եմ՝ մի քանի թոփ բերեցին, էդ ժամանակ Խորեն Աբրահամյանն էր, դրանցով աշխատեցինք քիչ-քիչ, ու կարգավորվեց ընթացքում։ Էդ տարիներին օրերով պիտի ման գային, որ մի հատ թել ճարեին, կտոր ու աստառ ճարեին, չկար։ Հիմիկվա նման չէ, որ ինչ պետք լինի՝ գնաս խանութից նույն պահին գնես»։

Ամենակարևորը՝ իրար հետ բարձր չեն խոսում․ ինչ տվեց Գյումրու աճեմյանական թատրոնը վարպետին

Սկզբի համար ընդգծում է՝ մի ամբողջ կյանք։

«Թատրոնն ինձ մեծ բան տվեց, մարդիկ ինչքան էլ կոպիտ ու վատը լինեն, ստեղ մտան՝ կամաչեն իրենցից։ Հիմնարկներ կան՝ օրը 1000 դոլար տան չեմ աշխատի։ Թատրոնում ամենակարևորը բարձր չեն խոսում իրար հետ, ամեն մարդ իրա գործի տերն է։ Ինչքան մնում ես՝ կապվում ես թատրոնին։ Գյումրու թատրոնը եզակի է։ Դա նաև ուրիշ տեղերից հատուկ մեր ներկայացումները նայելու համար եկողներն են ասում։ Իմ տղան Երևանում ընկերություն ունի, ու երբ որ մենք ներկայացում ենք ունենում, ինքը իր կոլեկտիվին բոլորին բերում է Գյումրի։ Հերս է կարել շորերը, գնանք նայենք, ու գալիս են։ Գրավում է Գյումրին, գալիս են ստեղ, դա մեր թատրոնի շնորհքն է»,- ուրախությամբ շեշտում է զրուցակիցը:

Զրույցի ավարտին վարպետ Ռուդիկը բացում է երիտասարդ մնալու իր գաղտնիքը։ Կարևոր հիմնաքարը խղճի հանգստությունն է։

«Ջահել կերևա՞մ, տունը լավ են պահել (ծիծաղում է)։ Գիտես՝ ինչ, մարդը երբ որ գործի տեղը հանգիստ է լինում, իսկ ես հանգիստ եմ, մենակ շաբաթ-կիրակի եմ անհանգիստ, որ աշխատանքի չեմ գալիս, չեմ կարողանում տանը մնալ, կոլեկտիվը լավն է, վեճեր չկան, նաև ընտանիքում է նույնը, խնդիրներ չկան։ Ես էլի եմ ասում, եթե չորս բոլորդ խաղաղ է, խիղճդ էլ մաքուր ու հանգիստ է, տանդ մեջ հանգիստ ես, գործի տեղը հանգիստ ես, ջահել կմնաս»,- վստահեցնում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ