Հայկուհին իրեն տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում

Նա 19 տարեկան է, տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարերով, հաճախել երաժշտական դպրոց։ Ի սկզբանե ցանկացել է զբաղվել միայն պարերով, բայց ավելի ուշ հասկացել է, որ իրեն դուր է գալիս իրավագիտությունը։ Հիմա Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է։

Հայկուհին առաջին անգամ մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2017թ–ին, ընդգրկվել լավագույն տասնյակում, իսկ ընդամենը 2 տարի անց նա լավագույնը ճանաչվեց։

Հայկուհին բացատրում է, որ գուցե ավելի գեղեցիկ աղջիկներ էլ էին կային, բայց ժյուրին գեղեցկուհիներին համալիր գնահատական է տալիս։ Նման մրցույթներում կարևոր է ճիշտ ներկայանալը, քայլելը, բեմական պահվածքը։ Պակաս կարևոր չէ, թե ինչպես են աղջիկները պատասխանում հարցերին։

Բեմում աղջիկը չի կարողացել զսպել արցունքները, ներքին ձայնը հուշել է, որ այդ երեկո հենց ինքն է թագով հեռանալու։ «Երբ հայտարարեցին իմ անունը, ես շոկի մեջ էի։ Փորձում էի վայելել բեմում անցկացրած յուրաքանչյուր րոպեն` ծափահարություններ, գեղեցիկ ժպիտներ։ Չեմ կարող բառերով արտահայտել այն ամենը, ինչ զգում եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լավագույն գեղեցկուհու տիտղոսին արժանանալը», – ասաց Հայկուհին։

Նա հասկանում և ընդունում է, որ մարդը չի կարող բոլորին դուր գալ, բայց նա այդքան շատ բացասական արձագանքների չէր սպասում և շատ է վշտացել։

«Որոշ մարդիկ թույլ չտվեցին ինձ վայելել հաղթանակս։ Բարեբախտաբար, ժամանակին հասկացա, որ պետք չէ ուշադրություն դարձնել նման մեկնաբանությունների վրա։ Կլինեն թե՛ դրական, թե՛ բացասական խոսքեր, բայց կա սահման, որից պետք չէ անցնել», – ասաց Հայկուհին։

Հայկուհին ուժեղ աղջիկ է, նա պատրաստվում է ապագայում դառնալ լավ իրավաբան, մայրանալ և իրեն նույնիսկ տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ