Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության այլ անդամներ:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է խաղաղության կրթության ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ժողովրդավարության շեշտադրումը, որի շրջանակում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ հետևողական աշխատանք է իրականացվում, մասնավորապես՝ հասարակագիտական կրթության բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցությանը՝ նշվել է, որ 2023 թվականից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կառույցների հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ, իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ