Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Ինչքանով է հաջողվել քրեաիրավական տեսանկյունից ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները:

Առաջին ալիքի եթերում պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ասաց՝ գրեթե վերջնական փուլում է գտնվում գործը:

«Եթե ավելի պարզ ասեմ, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է: Բոլոր ուղղություններով քննություներն արդեն արված են, հիմնական քննությունն արված է և ունենք մեր տեսանկյունից իրական պատկեր»,- ասաց Քյարամյանը:

Ղազարյանի՝ այսինքն ոչ միայն մեղադրյալներ կան, այլև պատկե՞րը կա, դիտարկմանը, քննչական կոմիտեի նախագահն ասաց՝ այո:

«Մեր համար շատ ավելի կարևոր է պատկերը, քան առանձին անձանց քրեական պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այս գործերով 600-ից ավել անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք և շուրջ 100-ի վերաբերյալ էլ այս ընթացքում քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու և դատարան ուղարկելու վերաբերյալ:

Մենք այս հարցին վերաբերվել ենք ոչ թե որպես քրեական գործերի, այլև շատ ենք կարևորել դրանց պատմական արժեքը և փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք ընդհուպ մինչև ցանկացած շարքային զինծառայողի քննելու մակարդակով:

Գործերի ընդհանրական քանակը շուրջ 2000 հատոր է»,- ասաց Քյարամյանը:

Կտեսնե՞նք դատավարություններ, անուններ՝ հարցին, Քյարամյանն ասաց կան արդեն հրապարակայնացված վարույթներ, սակայն կան նաև բազմաթիվ վարույթներ, որոնց մեծ մասը ենթադրելի է, որ կքննվեն փակ ռեժիմով, քանի որ տարբեր աստիճանի գաղտնիքների հետ առնչություն կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ