Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

Ի պատասխան բլոգեր Արթուր Չախոյանի՝ հոկտեմբերի 10-ի ուղիղ եթերի և հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացրած ակցիայի՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել:

«Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։ Ըստ այդմ՝ Վ․ Բալասանյանը Նոր Նորք վարչական շրջանում սկսել է հողազավթման գործընթաց և ներկայացրել է փաստաթղթեր՝ այն օրինականացնելու։

Տեղեկացնում եմ, որ նախորդ գլխավոր հատակագծով Երևան քաղաքում ներառված այգիները և կանաչ տարածքները ընդգրկված էին ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ ձևակերպմամբ, ինչը համաձայն Հողային օրենսգրքի՝ չէր համադրվում 60-րդ հոդվածով առկա օտարման ոչ ենթակա հողերի ձևակերպման հետ։

Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։

Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ։

Իսկ վերաբերվում է Վ․ Բալասանյանի կողմից իրականացված գործողություններին, ապա հիշեցնեմ, որ դեռևս այս երկուշաբթի՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ ըստ էության հողազավթման աշխատանք չի իրականացվել , քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից համայքային հողի վրա արվող աշխատանքները կանխվել և դադարեցվել են։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։

Ըստ որոշ չճշտված տեղեկությունների՝ հիշյալ Վ. Բ.-ն ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ