Ռոբերտ Քոչարյանը դատարան էր եկել «չհասկանալով», հեռացավ՝ «չվախենալով»

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ մարտի 1-ի գործով վերաբացված դատական նախնական նիստը։ Քոչարյանը, մյուս մեղադրյալներն ու նրանց պաշտպանները պնդում էին՝ իրենք չունեն դատավարական որևէ կարգավիճակ, քանի որ նախկին մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչված, իսկ նոր մեղադրանք ներկայացված չէ։ Հետևաբար նրանք կարող էին անգամ չներկայանալ դատական նիստին։ Քոչարյանը որպես բողոքի նշան լքեց մեղադրյալի աթոռն ու տեղավորվեց իր աջակիցների մոտ՝ հրաժարվելով նստել տուժողների և նրանց ներկայացուցիչների կողքին, որպեսզի, ինչպես նշեց Քոչարյանը, հետո բան չասեն։

Պաշտպանական կողմը հրաժարվում էր անցնել դատարանին բացարկ հայտնելու փուլին։ Նշում էին՝ կարգավիճակ չունեն, չկա առաջադրված մեղադրանք, չգիտեն՝ ինչից պետք է պաշտպանվեն, հետևաբար նաև չեն կարող դատավորին բացարկ հայտնելու հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։

Դատախազությունից ի պատասխան պնդեցին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը բեկանված է։

Տուժողների իրավահաջորդ Սարգիս Քլոյանն էլ դժգոհեց՝ նույն ձեռագիրն է, մեղադրյալները ձգձգում են գործի քննությունը։

Շուրջ 2 ժամ տևած նիստի վերջում Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց վերացնել Գևորգյանի նկատմամբ կիրառված՝ երկրից բացակայելու արգելքը, որը պաշտպանական կողմը ապօրինի է համարում։

Նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվողը աբսուրդ է, որևէ կապ չունի արդարադատության հետ։

Քոչարյանը պատասխանեց նաև Միքայել արքեպիսկոպոսի խոսքերին, որով վերջինս կոչ էր արել նախկին նախագահներին լքել քաղաքական հարթակը, և նշեց, որ իրենց ստվերը չի կարող խանգարել Բագրատ Գալստանյանին։ Նա նաև ասաց, որ Բագրատ Գալստանյանին որևէ կերպ չի աջակցել՝ այդ թվում ֆինանսապես։ Քոչարյանը նաև չհերքեց, որ իր նախագահության ընթացքում զանգովի արդարադատություն է գործել։

Ո՞վ է խանգարել բացահայտել մարտի 1-ի գործը։ Հարցը ոչ թե լրագրողներն են տալիս, այլ՝ Քոչարյանը։ Հերքեց նաև ապացույցների կեղծումը, պարկուճների փոխարինումը և այլն։

Հավակնո՞ւմ եք ապագայում Հայաստանի ղեկավարի պաշտոնին։ Հարցին պատասխանելով՝ Քոչարյանն ասաց, որ 2008-ից հետո քաղաքականությամբ չի զբաղվել, հետո՝ ստիպված եղավ մտնել քաղաքականություն, քանի որ քաղաքականությունն է սկսել զբաղվել իրենով, և քանի դեռ այդ՝ անձնականին վերաբերող և «երկրին սպառնացող» վտանգները առկա են, իր իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։

Քոչարյանը նշեց նաև, որ չի վախենում կալանավորվելուց։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ