Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում, հաճախ ունենում են միանման գնահատականներ իրադարձություններին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահի հետ հանդիպման բաց հատվածում։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են», — ընդգծել է Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի միտումները լավն են, ապրանքաշրջանառությունն աճում է։
Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան. Իրանի նախագահն ընդունել է հրավերը։
Նշենք, որ սա Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին առերես բանակցություններն են Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրությունից հետո։ Դրանք տեղի են ունենում Աշգաբադում «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխազդեցությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային ֆորումի շրջանակներում։