Եթե նման որոշում է ընդունվել, ուրեմն աճել են ՀՀ-ի հնարավորությունները. Սաֆրաստյանը՝ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա պետական սահմանին ՀՀ ԱԱԾ զորքերի առկայության որոշման մասին

«Համարում եմ, որ ընդհանուր առմամբ, ձեռք բերված պայմանավորվածությունը տրամաբանական է, որովհետև մեր պետականությունն արդեն երեք տասնամյակից ավել է գոյություն ունի և կարող է մասնակցել մեր սահմանների պաշտպանությանը: Եթե սկզբնական շրջանում դա պետք է անեին ռուսական զորքերը, հիմա արդեն միանում է նաև հայկականը: Կարևորն այն է, որ ռուսական կողմը, ինչպես հասկացա, շատ հանգիստ ընդունել է դա»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանի խոսքով՝ ռուսական զորքը մնում է հայ-թուրքական սահմանին, նրան ուղղակի միանում են հայկական սահմանապահ ուժերը. «Երկու ռազմավարական դաշնակից երկրները համատեղ պետք է սահմանները պաշտպանեն ներկա փուլում, հետո, թե ինչ կլինի՝ դժվար է կանխատեսել: Ամեն դեպքում այժմ ռուսական կողմը հասկանում է, որ դա նույնիսկ իրենց բեռը կթեթևացնի: Եթե Պուտինի հետ համաձայնությունը ձեռք է բերվել, ուրեմն նշանակում է, որ հանգիստ է ընդունվել այդ որոշումը: Պետք է հաշվի առնել, որ մեր պետականությունն արդեն չորրորդ տասնամյակն է մտել, արդեն ավելի փորձ է ձեռք բերել, հասունացել է և կամաց-կամաց իր սահմանների պաշտպանությունը վերցնում է իր վրա: Սկզբնական շրջանում դեռևս ռուսական սահմանապահ ուժերի օգնությամբ է լինելու, բայց չեմ բացառում, որ կգա մի ժամանակ, երբ միայն ՀՀ սահմանապահ ուժերը մեր սահմանները կպաշտպանեն»,- նշեց թուրքագետը՝ հավելելով. «Եթե նման որոշում է ընդունվել, ուրեմն գնահատվել են նաև Հայաստանի հնարավորությունները, այդ հնարավորությունները հիմա աճել են և դրա համար հնարավոր է եղել նման քայլի դիմել: Այստեղ ես այլ դատողությունների համար հող չեմ տեսնում»:

Անդրադառնալով նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե հնարավոր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը՝ Սաֆրաստյանն ասաց. «Պեսկովն ասել է՝ հնարավոր է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը քննարկվել է, այսինքն՝ ինքն էլ հաստատ չի ասել: Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց, այնտեղ նշված էր, թե ինչ է խոսվել հանդիպման ընթացքում, մնացած այլ հարցերի քննարկումը խոսակցության մակարդակում է: Մենք այդ հարցի հետ կապված ինֆորմացիա չունենք: Հայաստանի տեսակետն այդ հարցի վերաբերյալ մենք բոլորս լավ գիտենք. նոյեմբերի 9-ի հայտարարության մնացած կետերը հիմա արդեն գոյություն չունեն, դրանից տրամաբանորեն բխում է, որ 9-րդ կետն էլ պետք է արդեն իր ուժը կորցրած համարավի, հավանական է, որ այդ մոտեցումն ընդունվել է»:

Մենք ինֆորմացիա ունենք, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը դուրս է թողնվել պայմանագրի այն տեքստից, որը հիմա կա՝ նշեց Սաֆրաստյանը՝ ընդգծելով. «Այսքան խոսվում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, բայց, ըստ էության, Թուրքիան հիմա առանձնապես շահագրգռված չի այդ հարցով, որովհետև իրենք նոր են սկսում կառուցել երկաթգիծը, որը պետք է Կարսը կապի Նախիջևանի հետ, դա կլինի 2028 թվականին, ինչպես իրենք են ասում: Դա հիմա Թուրքիայի համար ընդհանուր խոսակցություն է, Ադրբեջանն էլ իհարկե, շահագրգռված է, բայց Ադրբեջանի ուժն էլ չի հերիքում, որ ինքն ակտիվ առաջ տանի այդ խոսակցությունը, դրա համար էլ պայմանագրի տեքստից դուրս է հանվել այդ հարցը»:

Իսկ թե արդյոք Ադրբեջանն այս փուլում կգնա ռազմական բախման՝ մեր զրուցակիցը նշեց. «Կարծում եմ՝ մոտ ապագայում Ադրբեջանը չի դիմի լայնածավալ ագրեսիայի, նոյեմբերին կայանալու է COP-29-ը, պարզ է, որ մինչև դա Ադրբեջանը ոչինչ չի անի, դրանից հետո մոտակա ամիսներին Ադրբեջանը նորից կաշխատի խուսափել դրանից: Երկրորդը՝ ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այդ ժամանակահատվածում կփորձի Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնել և կսկսի սահմանի վրա տարբեր տեսակի պրովոկացիաներ կազմակերպել: Եվ երրորդը՝ տեսնում ենք, որ Ալիևը նաև շատ անտրամաբանական քայլեր է անում, դրա համար պատերազմի վտանգը բացառել չի կարելի, բայց միևնույնն է իմ կարծիքով դա հիմա քիչ հավանական է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ