Քոչարյանը լքեց մեղադրյալի աթոռն ու նստեց աջակիցների կողքին

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանին հարց են ուղղել, թե վերջինս մտավախություն չունի՞, որ իրեն կարող են կրկին կալանավորել։

«Կապրենք, կտեսնենք»,- պատասխանել է նա:

Հիշեցնենք՝ այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ