Կարևոր է հստակեցնել՝ ովքեր են ՀՀ ռազմավարական դաշնակիցները, աշխարհին ուղղված մեր ազդանշանները պիտի հստակ լինեն. Սաֆարյան

Չափազանց կարևոր է հստակեցնել՝ ովքեր են Հայաստանի ռազմավարական դաշնակիցները, ովքեր են պաշտպանելու ՀՀ-ին:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով Իրանին, Սաֆարյանը նշեց, թե չի կարող ասել, որ զուտ հայաստանամետ քաղաքականություն է վարում, բնականաբար այս երկիրն էլ իր շահը ունի:

«Նրա կողմից «զանգեզուրյան միջանցքին» դեմ լինելու փաստարկները երկրորդ կողմն ունի: Ի վերջո, Իրանն էլ ուզում է, որ բոլոր ճանապարհներն իր մոտով անցնեն, այսինքն Ադրբեջանն իրենից կախման մեջ լինի, ինչպես որ Թուրքիայից է կախման մեջ հայտնվել, Ռուսաստանից է կախման մեջ հայտնվել»,- ասաց Սաֆարյանը:

Պետրոս Ղազարյանի հարցին՝ ճի՞շտ է ԲՐԻԿՍ-ին մասնակցելը, Սաֆարյանն ասաց՝ կողմ չէ, որ ՀՀ իշխանությունը գնա և մասնակցի:

«Ես շատ լավ գիտեմ ինչ է ասում իշխանությունը: Իշխանությունն ասում է, ուզում ենք լինել բոլոր այն հարթակներում, որտեղ մեր մասին կարող են խոսել: Մի բան է մխիթարում, որ ՀՀ իշխանությունը նպատակ չունի անդամակցության հայտ ներկայացնել ԲՐԻԿՍ-ին, բայց ես ինքս կողմ չեմ, որ մասնակցենք, ես կողմնակից չեմ, որ էդ շփոթը մեծացնենք:

Մեր՝ աշխարհին ուղղված ազդանշաններն էլ պետք է շատ հստակ լինեն: Եթե մենք անվտանգային և տնտեսական մեր խնդիրների լուծումը տեսնում ենք եվրոպական մեծ ցիվիլիզացիոն դաշտում, ապա այս պարագայում ես չեմ կարծում, որ մյուս ուղղություններով խաղերը կարող են որևէ ձևով օգնել էդ գործին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ