1.5 մլրդ դրամի փողերի լվացման համար մեղադրվող ոստիկանության նախկին պաշտոնյան ու նրա ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն

ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանն ու նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ որդին՝ Նարեկ Մինասյանը, դուստրը՝ Նարե Մինասյանը, Գայանե Մարդյանը, Կարինե Սարոյանը, Համբարձում Փխրիկյանը։

Հ. Փխրիկյանը ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետն էր, որը 2013-ին դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել խոշոր չափով կաշառք ստանալու գործով։

Նրանց ուղարկված ծանուցագրերից civic.am-ը տեղեկացավ, որ նախկին պաշտոնյան ու վերոհիշյալ անձինք պետք է դատախազություն ներկայանան ս.թ. հոկտեմբերի 17-ին, նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար։

Հիշեցնենք՝ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին էր հանրային քրեական հետապնդում հարուցել 1992-2018 թվականներին պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ. Մինասյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Մասնավորապես՝ Մինասյանը 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել նրան վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին՝ յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ն նշված ժամանակահատվածում կազմակերպել է Խ. Ա.-ին վստահված պետական միջոց հանդիսացող 13 մլն 935 հազար 200 դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլարը՝ որպես հափշտակված գումարի մասնաբաժին, տրվել է Մինասյանին։ Գործը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել 2023 թ. հոկտեմբերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ