Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված նախագիծը զեկուցելու է ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը, հարակից զեկուցողը Սարգիս Խանդանյանն է:

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

Հոկտեմբերի 8-ին Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ։

Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետու­թյան և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժո­ղովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հա­մատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավո­րությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ