Նախկին քաղաքապետից գործող խեղկատակ մեկ քայլ է

Մինչ հանրությունն իր վրդովմունքն է հայտնում նախկին քաղաքապետ «Կարգին Հայկոյի» մոնոներկայացման մեջ ՀՀ քարտեզի մակետից Սյունիքը խմբագրելու դրվագի առնչությամբ ու անարգանքի սյունին է գամում հումորիստին, վերջինս իր ֆեյսբուքյան էջում զբաղված է պետական կարևորության գործով՝ շների որբ ձագերի որդեգրմամբ։ Նկատենք, որ անցյալ տարի այս օրերին Երևանի ՏԻՄ ընտրություններում ձախողված՝ 50 տոկոս չհավաքած Մարությանը «Դոգ»-ի՝ Վարդան Ղուկասյանի հետ ծանր քննարկում-ինտրիգների մեջ էր, որոնք, սակայն, տխուր ավարտ ունեցան՝ նախկին քաղաքապետը հրաժեշտ տվեց վերստին քաղաքապետ դառնալու մուրազին, որոշ ժամանակ անց էլ զրկվեց ավագանու անդամի մանդատից։ Նախորդ տարվա ընտրական ձախողումից մեկ տարի անց, ահա, նախկին քաղաքապետը «Պետական գաղտնիք» է բեմադրում (որը, ըստ հանդիսատեսի՝ բավական ձանձրալի ու պրիմիտիվ ներկայացում է), որի շրջանակներում, ահա, այսպիսի անտաղանդ հումոր է մատուցում ու իր հայրենիքի մարզերից մեկը ջնջում քարտեզից։

Պետական գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ քաղաքականությունն ու թատրոնը տարբեր ոլորտներ են, բայց երկուսն էլ պահանջում են առավելագույն լրջություն ու պատասխանատվություն, այլապես խայտառակությունը երաշխավորված է։ Հայկ Մարությանի պարագայում, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, գործ ունենք լրջության ահռելի դեֆիցիտի հետ, ուստի պատահական չէ, որ խայտառակությունը կրնկակոխ հետապնդում է նրան։

Ի դեպ, Մարությանը ճիշտ է անում, որ անտեր շներին տնավորելու գործով է զբաղվում։ Մարդը պետք է զբաղվի նրանով, ինչից գլուխ է հանում, ու ինչն իր մոտ ստացվում է։

Նկատենք, որ կայքերից մեկը գրել էր, որ կատակերգական ժանրի միջակ դերասանի այս նոր մոնոներկայացման տոմսերը չեն վաճառվում։ Ի տարբերություն նախկին՝ «Քաղաքապետը» ներկայացման, որի տոմսերը, այսպես ասած, օդից խլեցին մի քանի ժամում։

Սեպտեմբերի 23-ին կայացած ներկայացման տոմսերից, ըստ հիշյալ կայքի, 278-ը չի վաճառվել, 290 հատ էլ չի վաճառվել հաջորդ օրվա՝ սեպտեմբերի 24-ին կայացած ներկայացման տոմսերից։

Հոկտեմբերի 19-ին և 22-ին նախատեսված ներկայացումների համար էլ, ինչպես պարզեցինք tomsarkgh.am կայքից, այս պահին կա չվաճառված մոտ 300 և 490 տոմս։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ