ՀՀ վարչապետի ՌԴ այցի դրական և բացասական կողմերը. վերլուծում է իրավագետ Արտաշես Խալաթյանը

Իրավագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերլուծել է ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած այցի և ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի մասնակցության բացասական և դրական կողմերը, որոնք որևէ նշանակություն ունեն կամ կունենան ապագայում Հայաստանի համար։

Ըստ նրա՝ միջազգային հանրության շրջանում մերժված, Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալության օրդեր ունեցող պաշտոնյայի հետ մեկ հարթակում գտնվելն արդեն իսկ դիտվում է ոչ դրական տեսանկյունից, հատկապես, երբ Հայաստանը չխուսափեց ՌԴ նախագահի հոբելյանական օրն այցելել Ռուսաստան։

«ՀՀ-ն դարձավ նաև այն փոքրաթիվ պետություններից մեկը, որոնք տարբեր մակարդակներով շնորհավորեցին ՌԴ նախագահին ու այդ օրը ներկայացան ԱՊՀ գագաթնաժողովին։ Սակայն ՌԴ այցելությունից պետք է նաև ընդգծել երկու հանգամանք․ կարելի է ասել, որ ականատես ենք լինում պատմական զարգացման, երբ ՀՀ սուվերենության տարրերը, որոնք կորսված էին տարիներ շարունակ, վերադառնում են կրկին Հայաստանին։ Խոսքը ՀՀ-Իրան պետական սահմանի հսկիչ կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից իրականացնելուն է վերաբերում։ Երկրորդը՝ ՀՀ ԱԱԾ զորքերի մասնակցությունն է նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը»,- ասում է նա։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, ըստ Խալաթյանի, եթե անգամ ՀՀ վարչապետի այցը դեպի Ռուսաստան քննադատությունների է ենթարկվում, ամեն դեպքում դրական քայլ էր։ Ընդունված որոշումներից զատ արված մնացած հայտարարություններն էլ, հարաբերությունների զարգացման, ընդլայնման մասին, նրա խոսքով՝ միայն արարողակարգային բնույթ էին կրում։

«Վարչապետը գուցե Մոսկվա գնաց վերջին շրջանում վարած դիվանագիտության արդյունքները վերջնականապես մակագրելու և ՌԴ նախագահից համաձայնություն ստանալու համար։ Սահմանների վերաբերյալ ընդունված որոշումերին մնացած հայտարարությունները, իհարկե, զիջում են։ Դրանք ավելի շատ արարողակարգային էին։ Ռուսաստանն այսօր չունի ներուժ ու այն վիճակում չէ, որ, օրինակ, Վլադիմիր Պուտինի հնչեցրած միտքը, թե պետք է լրացնեն որոշ բաներ՝ կապված կրթական շրջանակի հետ, իրականություն դարձնի։ ՌԴ-ն քաջ գիտակցում է՝ չունի անհրաժեշտ բազան Հայաստանում՝ հաշվի առնելով այն վերաբերմունքը, որն արդեն հայ հասարակությունը ձևավորել է Ռուսաստանի հանդեպ»,- ընդգծում է իրավագետը։

Խալաթյանը կարևորում է նաև այն փաստը, որ Հայաստանը չի միացել ԱՊՀ երկրների ընդունած երկու հայտարարություններին, որոնցից մեկը վերաբերվում էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները դատապարտելուն, մյուսը՝ Եվրասիական անվտանգային ճարտարապետությանը․ «ՀՀ վարչապետը ստիպված էր լսում այդ խոսույթը՝ ելնելով նաև դիվանագիտական քաղաքականությունից։ Կարևոր էր վարչապետի կողմից ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարցի բարձրաձայնումը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանի վրա թե՛ բանավոր, թե՛ գրավոր կերպով որևէ պարտավորություն դրված չէ։ Այսինքն՝ որքան էլ ՌԴ-ն ընդգծի միջանցքային տրամաբանության կենսունակությունը իր համար, բախվելու է Արևմուտքի, Հայաստանի, Իրանի դիմադրությանը։ Կարևոր էր նաև այն, որ Հայաստանը խուսափեց ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններից»։

Չնայած դրան՝ զրուցակիցը համոզված է, որ ռուսական կողմը չի հանդուրժի առանց իր մասնակցության որևէ համաձայնագրի ստորագրում․ «Փորձելու է որևէ համաձայնագրի կայացումը ամեն կերպ կապել իր հետ։ Օրինակ՝ համաձայնագրի ստորագրումը կազմակերպել որևէ քաղաքում, դա ներկայացնել՝ որպես ՌԴ հաղթանակ։ Այստեղ կարևորվելու է, թե Հայաստանն ինչպես է դիրքավորվելու և իրականացնելու համաձայնագրի ստորագրումը, որ ակնհայտ լինի Ռուսաստանի բացակայությունը։ Հնարավորինս պետք է այնպես անել, որ որևէ բան չդիտարկվի որպես ՌԴ նախաձեռնությամբ իրականացված։ Սակայն Ռուսաստանը կարող է ցանկացած պահի մեր դեմ օգտագործել Ադրբեջանին, բայց թե ինչպե՞ս, դա էլ կախված կլինի առաջիկայում Վրաստանում և ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներից»։

Իրավագետ Արտաշես Խալաթյանը նկատում է, որ Հայաստանն այս պահին բարդ կացության մեջ է՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը վերջին շրջանում կտրուկ դիրքորոշում ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ։ Ուստի նա համոզված է, որ չպետք է թուլացնել բանակցությունները արևմտյան գործընկերների հետ:

«Չպետք է կորցնել Հայաստանին օգնելու վերաբերյալ տարվող բանակցությունները, որի ուղղությամբ աշխատում են Թուրքիան, ՌԴ-ն, Ադրբեջանը։ Արևմուտքը չպետք է կասկածի, թե Հայաստանը որևէ մտադրություն ունի նորից ամրապնդել, զարգացնել կամ վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հայաստանին կրկին ՌԴ որևէ ուղեծրում ցույց տալը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասն է։ Անհրաժեշտ է Արևմուտքին պարզաբանել իրավիճակը, ներկայացնել, թե որ մասով Հայաստանը ելք չունի, քան Ռուսաստանի հետ համագործակցելն է ու առաջ շարժվել»,- ասում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ