Տրամաբանական ավարտը լինելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից

Հայաստանը «գետնի վրա» շատ կոնկրետ քայլեր է անում։ Այս պրոցեսը նաև շարունակություն է ունենալու։ Ռուսները հետագայում դուրս են գալու նաև հայ-իրանական և հայ-թուրքական ողջ սահմանից, ապա ՀՀ իշխանությունները պահանջելու են, որ ռուսական զորքն ամբողջությամբ դուրս գա Հայաստանի տարածքից. մեկնաբանելով հայ-իրանական սահմանի մաքսային անցակետից ռուսական սահմանապահների դուրսբերման և հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահների ներգրավման մասին լուրը՝ ասաց քաղաքագետ Հրայր Մանուկյանը։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանին ևս այդ զորքը «գետնի վրա» մեծապես չի օգնում. այն զուտ սիմվոլիկ նշանակություն ունի, և դրա դուրսբերումը միայն հեղինակային հարված կլինի Ռուսաստանի համար։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Մանուկյանն ասաց, որ Ալիևը փորձում է դրանք տեղափոխել մոսկովյան հարթակ, քանի որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասով իրենց շահերը համընկնում են, իսկ խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի ստորագրում՝ սպասելով ամերիկյան ընտրություններին։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու այլ մոտիվացիաներ Ալիևը ևս ունի։ Առաջինը՝ Ադրբեջանը վախենում է, որ սահմանների ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսությունը էլ ավելի կզարգանա, ընդ որում՝ այն ավելի հաստատուն կերպով կզարգանա, քանի որ դեմոկրատական երկիր է, քան Ադրբեջանինը, և իրենք վախենում են ու ուզում են զսպել Հայաստանի զարգացումը։ Մինչև վերջ փորձելու են գնալ նրան, որ հայ-թուրքական սահմանը չբացվի։ Հաջորդ հանգամանքը կապված է Ադրբեջանում իշխող ռեժիմը պահելու հետ։ Եթե պայմանագիրը ստորագրվի, ՀՀ տնտեսությունը կզարգանա՝ այստեղ ազատություններ ու ժողովրդավարություն կա, Ադրբեջանի հասարակությունը իր իշխանություններին կհարցնի, թե հաղթեցինք, որ Հայաստանում ավելի լավ ապրե՞ն, քան մե՞նք։ Սա հարված կլինի Ալիևի ռեժիմին։ Դրա համար, այս երկու գործոնները հաշվի առնելով, ինքը փորձելու է զսպել Հայաստանի զարգացումը։ Բայց հարց է՝ Միացյալ Նահանգների ընտրություններից հետո ինչքանո՞վ Ալիևը կկարողանա դրան հասնել»,- ասաց Հրայր Մանուկյանը։

Քաղաքագետը միաժամանակ նկատում է՝ Ադրբեջանում դուրս չեն եկել կոնֆլիկտային տրամաբանությունից։

«Դե մեր գործն էլ լինելու է Հայաստանի այսօրվա կուրսը շարունակելը։ Եթե Ադրբեջանը դուրս չի գալիս այդ կոնֆլիկտային տրամաբանության տեսակետից, ապա Հայաստանը պետք է Արևմուտքի և ինչ-որ պահի նաև Թուրքիայի միջոցով ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ խաղաղություն պարտադրի։ Հիմա էլ Հայաստանը այդ կուրսն է վարում՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու քաղաքական կուրսը»,- ասաց Մանուկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ