Հուսով ենք՝ ՀՀ 50 հազար քաղաքացու ձեռքը օդում չի մնա. ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը շարունակվում է

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որը կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը, վստահեցնում է, որ այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի 50 տոկոսի շեմը հաղթահարել են:

Նկատենք, որ «Եվրամիության Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան հասցնելու համար եվրոպամետները պետք է մինչև նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։

Մկրտչյանը համոզված է, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում սա միակ առաջարկ ներկայացնող օրակարգն է իրավիճակից դուրս գալու և հետագա գործողությունները ծրագրելու իմաստով:

Այս համատեքստում նա մատնանշում է ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԿՈՊ29-ից հետո շատ կարճ հեռանկարում ադրբեջանական կողմը պատրաստվում է ռազմական ճանապարհով ինչ-որ խնդիրների լուծման. «Պուտինի և Նարիշկինի այցերը Բաքու, ռուս-ադրբեջանական գնալով մերձեցող հարաբերությունները, նոյեմբերի 9-ի՝ 9-րդ կետի անընդհատ թմբկահարումը լավ բանի մասին չեն խոսում, և ակնհայտ է, որ տարածաշրջանում կողմերը պատրաստվում են նոր արկածախնդրության: Իսկ ո՞վ պետք է սրա դեմն առնի, եթե ոչ հավաքական Արևմուտքը: Հավաքական Արևմուտքը որպեսզի գործի անցնի, ՀՀ-ն պետք է հայտ ներկայացնի այդ ընտանիքի անդամը լինելու շատ կարճաժամկետ հատվածում: Խոսքը մինչև 2030 թվականը փաթեթային տարբերակով Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ՝ ՀՀ վերջնական անդամակցության մասին Է, և այս ուղղությամբ պետք է հստակ քայլեր իրականացվեն»:

Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ իրենց գործողությունները փորձում են ստվերել՝ կարծելով, թե 2026 թվականի ընտրություններին ընդառաջ սա նախընտրական գործողություն է:

«Ժողովրդավարական ուժերի հարթակը և քաղհասարակությունը, այս օրակարգն առաջ քաշելով, առաջին հերթին հիմնավորում են, որ սա հավելյալ անվտանգային բարձիկներ է ստեղծելու ՀՀ-ի շուրջ, որովհետև մեկ բան է, երբ ադրբեջանական կողմը հարձակվի ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ ՀՀ-ի վրա, ինչպես որ արել է բազմիցս, բոլորովին այլ բան է, երբ Ադրբեջանը հարձակվի ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ ունեցող ՀՀ-ի վրա, հատկապես եվրոպական դիտորդների՝ տարածաշրջանում տեղակայվելուց հետո: Կարծում եմ՝ իշխանությունները պետք է մի փոքր իրենց զատեն խորհրդարանական ընդդիմությունից ու 5-րդ շարասյունից և չփորձեն օրակարգի վրա ստվեր նետել, որովհետև սա առաջին հերթին արվում է ՀՀ-ի համար, հիմքում ՀՀ պետական շահն է, որևէ մեկն այստեղ ներքաղաքական խաղերի մեջ չի մտել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է նա:

Դեպի Եվրոպա գնալու ջատագով քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ օրակարգն անպայման կմտնի խորհրդարան. «50 հազար քաղաքացիները բավականին անհարմար դրության մեջ են դնում թե՛ օրվա իշխանություններին, թե՛ խորհրդարանում հայտնված ընդդիմադիրներին. պետք է նրանք միահամուռ կերպով կարողանան այս օրակարգին պատասխան տալ՝ արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է մոտենալ Եվրամիություն, թե՞ ոչ»:

Հարցին՝ ԵՄ գնալու ճանապարհին ի՞նչ ռիսկեր և դժվարություններ կարող են առաջանալ, վերջինս պատասխանում է. «Ես՝ իբրև նախաձեռնող խմբի ներկայացուցիչ և անդամ, կարող եմ ասել, որ պրոցեսը լինելու է բավականին բարդ, ենթադրելու է բավականին շատ ռիսկեր, որովհետև ՀՀ-ն բազմաթիվ թելերով այս 30 տարիների ընթացքում կապել են ՌԴ-ի հետ, խոսքը հատկապես տնտեսական կապերի մասին է, և միանշանակ պետք է բարդ և փշոտ ճանապարհով գնանք առաջ, եթե չենք ցանկանում ունենալ «երևանսկայա գուբերնիա», կամ Սյունիքը իբրև Արևմտյան Ադրբեջան, որովհետև կողմերը՝ տարածաշրջանային խաղացողները, առնվազն Ադրբեջանն ու ՌԴ-ն Սյունիքը չեն տեսնում իբրև հայկական և Սյունիքով անցնող այդ կապուղիները դիտարկում են բացառապես FSB-ի վերահսկողության ներքո: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացիները կողմնորոշվել են, ստորագրահավաքի տեմպերը դրա մասին են խոսում, մնում է գնդակը նետել իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության դաշտ ու տեսնել, թե այդ ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան» դաշինքը, ինչ են պատասխանում 50 հազար քաղաքացիներին»:

Մկրտչյանը հույս է հայտնում, որ իշխանությունները կունենան բավականաչափ խոհեմություն և ՀՀ 50 հազար քաղաքացիների մեկնած ձեռքը օդում չեն թողնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ