TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները

FIP-ը գրում է․ Ռուսաստանյան տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 8-ին լայնորեն տարածվեց ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ոչ պաշտոնական զրույցից մի տեսանյութ, որում Լավրովն իր հայաստանցի գործընկերոջ հետ քննարկում էր կվադրոբերներին, բացատրում, թե ովքեր են նրանք։

Մասնավորապես, Լավրովը Միրզոյանին պատմել է, որ «կվադրոբերները երեխաներ են, որոնք հագնվում են շների պես»։

«Սա ամենակարևոր նորություններից է։ Նրանք քայլում են կենդանիների պես։ Սա նոր շարժում է», — ասել է Լավրովն ու ապա հետաքրքրվել Միրզոյանից, թե արդյո՞ք ՀՀ-ում կան կվադրոբերներ։

Միրզոյանը դրական պատասխան է տալիս Լավրովին, որ կան։ Իսկ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ նշելով, որ երեւույթը տարածված է երիտասարդության շրջանում, պնդել է, թե կվադրոբերները իրենց «նոր գենդերի կրող են համարում»:

Ավելի ուշ Լավրովը պարզաբանել է, թե ինչու է այդ թեման քննարկել Միրզոյանի հետ՝ նշելով, որ մինչև կմեկնարկեին ՀՀ և ՌԴ ղեկավարների բանակցությունները, ինքը կվադրոբերների մասնակցությամբ հերթական տեսանյութն էր դիտում և այդ թեման գործընկերների հետ քննարկելու ժամանակ կար։

Լավրովը նաև, ի պատասխան լրագրողի՝ կվադրոբերների շարժումը ՌԴ-ում արգելելու մասին հարցին, նշել է, որ ռուսաստանցի օրենսդիրներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կվադրոբիկայի և կվադրոբերների մասին բազմաթիվ հրապարակումներ ու ամփոփել ուշագրավ տեղեկությունները․ նախքան դրանք ներկայացնելը, նշենք, որ աշխարհում, կարծես, դեռևս չկա փոխհամաձայնություն այս՝ համեմատաբար նոր երևույթի էության վերաբերյալ: Որոշ խմբեր համարում են, որ այն դեռևս պաշտոնապես չգրանցված մարզաձև է, որոշները՝ ենթամշակույթ, իսկ որոշներն էլ՝ պարզապես երեխաների ու պատանիների շրջանում տարածված թրենդ, խաղ, նախասիրություն։ Բայց ոչ գենդեր, ինչպես նշում է Գուրգեն Արսենյանը:

Մարզաձև՝ չորքոտանու շարժումներով ու դիմակով

Ռուսաստանյան quadrobics.ru կայքում ներակացված է կվադրոբիկայի՝ որպես մարզաձևի ծագման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև ուսուցողական տեսանյութեր և հոդվածներ մարզաձևում սկսնակների համար։ Պարզվում է՝ ՌԴ-ում կվադրոբերներն անցկացնում են մրցումներ, ունեն ընդհուպ մինչև իրենց հիմնն ու դրոշը։

Պարզվում է նաև, որ կվադրոբիկան շատ արդիական զբաղմունք է Ռուսաստանում, և հենց դա է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեդիայի այսչափ մեծ ուշադրության պատճառը թեմայի նկատմամբ։

Այսպես, կվադրոբիկա տերմինը առաջացել է լատիներեն quattuor (չորս) և անգլերեն aerobics (աերոբիկա) տերմիններից․ փաստացի, այն համարվում է պաշտոնապես չգրանցված սպորտաձև, որում մարզիկները՝ կվադրոբերները, տեղաշարժվում, վազում, ցատկում են չորքոտանու դիրքով՝ վերարտադրելով կենդանիների՝ հիմնականում, օրինակ, աղվեսների, շների, գայլերի, կատուների շարժումներ։

Ավելի տպավորիչ դարձնելու համար իրենց կերպարը, կվադրոբերները կրում են նաև տվյալ չորքոտանու արտաքին տեսքը պատկերող դիմակներ, պոչեր և այլ աքսեսուարներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ