Սա ՀՀ-ի ապագաղութացման գործընթացում առաջընթաց է, ՌԴ-ն այս պահին մեծ հնարավորություններ չունի մերժելու ՀՀ-ի առաջարկները․ Ղևոնդյան

«Որոշ ժամանակ է արդեն այդ խոսույթը շրջանառվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները և Ալիևի արձագանքն էլ սպասելի էր, Ադրբեջանը մերժում է նման կերպ պայմանագրի ստորագրումը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մոսկվա այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ խնդիրը չհամաձայնեցված երեք կետերի մեջ չէ. «Խնդիրն այն է, որ այս ընթացքում՝ մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ, մինչև COP-29-ի անցկացումը, Ադրբեջանն ուղղակի չի ցանկանում ստորագրել այդ պայմանագիրը: Տրամաբանորեն հասկանալի է Ադրբեջանի չցանկանալը, որովհետև ի վրեջո ինչ կարող է փոխվել նոյեմբերից հետո, օրինակ՝ ԱՄՆ-ում կարող է հաղթել Թրամփը և դրանից հետո Ադրբեջանն ավելի շատ շահեր կկարողանա իրացնել, այսինքն՝ ավելի լավ պայմաններում կկարողանա ինչ-որ բան ստորագրել: Մյուս կողմից կարող է հաղթել Հարիսը և կշարունակվի նույնը, ինչ կա այսօր, այսինքն՝ Ադրբեջանը կորցնելու բան չունի, իսկ եթե չկա կորցնելու բան, ինչու շտապել և շուտ ստորագրել, եթե կարելի է ձգձգել և հնարավորություն ունենալ ավելին ստանալ: Կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ փորձում է կառուցողական երևալ աշխարհի առջև, հիմնական նպատակը դա է, և ոչ թե այն, որպեսզի համոզի Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր: Եթե կստացվի համոզել լավ, եթե՝ ոչ, ապա մեր կառուցողական դիրքավորումը հետագա գործընթացների համար կարող է կարևոր լինել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որտեղ բացի խաղաղության պայմանագրից, անդրադարձավ նաև այլ հարցերի:

Մասնավորապես վարչապետը ևս մեկ անգամ հերքեց Ադրբեջանի այն պնդումը, թե ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ կան. «Ադրբեջանին այս պահին անհրաժեշտ է ձգձգել գործընթացը, ՀՀ-ի նկատմամբ պահանջներ առաջադրել, որոնք կատարել Հայաստանը նույնիսկ ֆիզիկապես չի կարող և Բաքուն օգտվում է դրանից, ձգձգման համար օգտագործում է տարբեր առիթներ, որոնցից մեկն էլ հենց Սահմանադրության փոփոխության պահանջն է: Այլ հարց է, որ Հայաստանը նորից իր կառուցողական դիրքավորման, կառուցողական երևալու քաղաքական գործընթացի շրջանակում ներկայացնում է բոլոր դրույթները, որոնց համաձայն միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանը չունի խոչընդոտ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու հարցում: Հայաստանը բազմանպատակ գործողություններ է իրականացնում, որոնց հիմնական նպատակը ՀՀ-ի կողմից կառուցողական դիրքավորում ունենալն է»,-նշեց քաղաքագետը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ-ն երբեք չի համաձայնել երրորդ երկրների մասնակցությանը՝ հաղորդակցության անվտանգության ապահովման հարցում: Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ շատ կարևոր էր, որ Փաշինյանն առիթն օգտագործեց և հենց Մոսկվայում այդ մասին խոսեց. «Մենք տեսանք, որ ներկաներից որևէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, չառարկեց Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը երբևէ չի համաձայնել ՀՀ տարածքում օտար վերահսկողություն ունենալ: Կարելի է ասել, որ այս դեպքը հետագայում Հայաստանը կարող է օգտագործել նաև որպես ապացույց այն բանի, որ ՀՀ-ի մեկնաբանությունը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ ընդունում են նաև այլ կողմեր, որովհետև հակառակ պարագայում օրինակ՝ Ռուսաստանը կարող էր դեմ լինել այս մեկնաբանությանը: Նման առարկություն չեղավ»:

Մոսկվայում տեղի ունեցավ նաև Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում: Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Ղևոնդյանն այս քայլն առաջընթաց համարեց. «Սա էական քայլ է Հայաստանի ապագաղութացման քաղաքականության մեջ: Նորմալ չէ, երբ հարևան երկրի հետ սահմանային անցակետը հսկում է երրորդ երկրի ներկայացուցիչը, այժմ ՀՀ-Իրան սահմանին կլինեն բացառապես հայ սահմանապահները, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում այդ պրակտիկան իրեն ամբողջապես արդարացրել է:

Մյուս կողմից պետք է մեկ շատ կարևոր բան նշել՝ քննարկվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցը, այդ շրջանակներում նաև կար որոշակի մտահոգություն, որ սահմանային հսկիչ անցակետը կարող է տրվել երրորդ կողմի՝ այս դեպքում ռուս սահմանապահների վերահսկողությանը, բայց ենթադրում եմ, որ քանի որ Հայաստանի ու Իրանի միջև այլևս ռուս սահմանապահներն անցակտում չեն լինելու, սա արդեն նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի հավանական բացման դեպքում ևս Հայաստանի կողմից սահմանի անցակետում լինելու է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, ինչը ողջունելի է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Սա Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ապագաղութացման գործընթացում առաջընթաց քայլ է: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի առաջընթացը շատ ավելի արագ լիներ, բայց հավանաբար ՀՀ իշխանություններն ունեն ինչ-որ նախագիծ և դրա համաձայն են առաջ շարժվում»:

Մեր այն հարցին, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց այս առաջարկին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Ռուսաստանն այս պահին մեծ հնարավորություններ չունի մերժելու Հայաստանի առաջարկները, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ՀՀ ինքնիշխանությանը: Դա կապված է թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի, թե՛ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների փոփոխությունների հետ, թե՛ տարածաշրջանում ռուսական ազդեցության ակնհայտ նվազման հետ և ամենաառանցքայինը՝ դա կապված է ՀՀ-ի ներսում Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունների փոփոխության հետ»:

Իսկ թե արդյոք ՌԴ-ն գնաց այս քայլին ինչ-որ բանի դիմաց՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Գուցե ինչ-որ հարցերում Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, օրինակ՝ դեռևս այս փուլում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս կամ ԵԱՏՄ-ում խորացնում ենք մեր համագործակցությունը: Նման բաներ հնարավոր են, բայց փաստեր դրա վերաբերյալ չկան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ