Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր «ճամպրուկով» էր գնացել Մոսկվա

Պե՞տք է գնար Նիկոլ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ, այս հարցը վերջին երկու օրերի քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր։ Թեպետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ, այդուամենայնիվ չպետք է խուսափել Ռուսաստանի իշխանությունների հետ դեմ առ դեմ հանդիպումներից, հատկապես, որ Ռուսաստանի ազդեցությունը դեռ շարունակում է մեծ մնալ մեր տարածաշրջանում։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանություններն անձամբ ռուսական կողմին ներկայացնեն տարածաշրջանային կայունության իրենց տեսլականը, ներկայացնեն իրենց առաջնահերթությունները։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր «ճամպրուկով» էր գնացել Մոսկվա։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ անհրաժեշտ էր և ճիշտ։ Անհրաժեշտ էր, որպեսզի ԱՊՀ երկրների առաջնորդներն անձամբ Նիկոլ Փաշինյանից լսեին Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առաջնահերթությունների մասին։

Նիկոլ Փաշինյանը այդ նիստի ընթացքում անդրադարձավ մի քանի հարցերի, որոնք Ռուսատսանն ու Ադրբեջանը տարբեր առիթներով խաղարկում են Հայաստանի դեմ։

«Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Սրանով Փաշինյանը բավական նուրբ խաղարկեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը և հստակ ընդգծեց, որ ճանապարհների ապաշրջափակումը չպետք է իրականացվի Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին, որ Հայաստանը ինքն է երաշխավորելու այդ ճանապարհներով տեղաշարժի անվտանգությունն ու հսկողությունը։

Ճանապարհների ապաշրջափակման հարցը, և հատկապես նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետը Ռուսաստանն ու Ադրբեջանը դարձրել են տարբեր մանիպուլյացիաների առիթ և Հայաստանի վրա ճնշման գործիք։ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներին բավական հստակ ակնարկեց, որ Հայաստանը թույլ չի տա այլևս, որպեսզի այդ հարցը դառնա մանիպուլյացիայի առարկա և այդ առումով Հայաստանի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ։

Ելույթի մյուս կարևոր դրվագը Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումն էր, այն հռչակագրի, որը ստորագրել են ԽՍՀՄ նախկին պետությունները և որը դարձել է ԱՊՀ կազմավորման հիմք։ Այս հռչակագիրն այսօր Ադրբեջանը, Ռուսաստանի ստվերային աջակցությամբ, փորձում է արժեզրկել, չնայած այն հանգամանքին, որ այս տարի հենց այդ հռչակագրի հիման վրա է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել սահմանազատումը։

Փաշինյանը հերթական անգամ առաջարկեց ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված սկզբունքների տեսքով։ Իսկ դրանցից թերևս ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչումն է և միմյանցից տարածքային պահանջներ չունենալու մասին դրույթն է։

Փաստացի Փաշինյանը հստակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը, որը հիմնված է օրինական որոշումների վրա և ցույց է տալիս, որ Հայաստանը մտադիր չէ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ինչպես դա պնդում են Բաքվում։

Հայաստանը ձգտում է տարածաշրջանային կայունության և խաղաղության։ Ի դեպ, Հայաստանի այս դիրքորշումը բազմիցս ներկայացվել է նաև արևմտյան հարթակներում, ինչը թերևս ապացուցում է, որ Հայաստանի համար կարևորը սեփական շահն ու անվտանգությունն է և ոչ թե միջազգային բևեռների և խաղացողների շահերի սպասարկումը։

Մկրտիչ Իսրայելյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ