«Սրբազան շարժման» հռետորներից ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը ուսուցիչներին թիրախավորում է

Նորություն ասած չենք լինի, եթե հայտնենք, որ մամուլի հայտնի ակումբը (անունը չենք տալիս, որ չթիրախավորենք) վերածվել է վիրավորանքի ու ատելության խոսքի տարածման, իրենց քաղաքական հայացքների համար մարդկանց թիրախավորելու, անպարկեշտ որակումներ տալու, ընդհուպ բռնի իշխանություն իրականացնելու կոչերի հեռարձակման վայրի։ Այդ նույն ակումբում էր, որ մի քանի տարի առաջ հրավիրյալներից մեկը «թուրքի եթիմ», «դավաճան» էր անվանել հայ ժողովրդի մի հատվածին՝ Արարատյան դաշտի և Շիրակի մարզի բնակիչներին, ինչից հետո քրեական գործ հարուցվեց մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը խախտելու՝ հրապարակայնորեն նվաստացնելու համար և մեղադրանք առաջադրվեց վերոհիշյալ արտահայտությունները թույլ տված անձին։

Հիշյալ ակումբում նախօրեին էլ մեկ այլ գործիչ՝ «սրբազան շարժման» բեմից օրերս ելույթ ունեցած, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանն է մարդու արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնող հայտարարություններ արել՝ թիրախավորելով մասնավորապես ուսուցչական համայնքին։ Ղազարյանը, նկատենք, քաղաքական այն ուժի ներկայացուցիչն է, որը 2018-ից սկսած ամենօրյա ռեժիմով գործող իշխանությանը մեղադրում է հասարակությանը պառակտելու, «սևերի ու սպիտակների բաժանելու», ատելություն քարոզելու մեջ։

Civic.am-ին են դիմել մի խումբ ուսուցիչներ՝ իրենց վրդովմունքը հայտնելով Ղազարյանի անպարկեշտ հայտարարությունների վերաբերյալ՝ ակնկալելով իրավասու մարմինների արձագանքը։ Նշենք, որ նախկին պաշտոնյան հիշյալ ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը չեն շնորհավորել ուսուցիչներին՝ Ուսուցչի օրվա առթիվ, և մասնավորապես հայտարարել․ «Հիմա որ մի մարզ ա էթում, ուսուցիչներին են զանգում, ասում՝ երեխա բերեք, դուք էլ մազերներդ ներկեք, եկեք, կանգնեք, որ հետը նկարվեք։ Էդ պաչողներն էլ են․․․ մեծ մասը դրանք ուսուցիչներն են, որ էթում, դրան պաչում են։ Ու էդ ձևի ստորացումով դրանց ներգրավում ա, իսկ Ուսուցչի օրը մի հատ շնորհավորական ուղերձ չի հղում։ ․․․ Գիտեք, չէ՞, ինչքան զոմբի կա էդ ուսուցիչների մեջ։ Մեր հասարակության ամենավտանգավոր շերտը դրանք են, նիկոլական ուսուցչից վտանգավոր կենդանատեսակ բնության մեջ դժվար թե գտնվի»։

Հատկանշական է, որ Էդգար Ղազարյանը նախորդ տարի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվել էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Մարդատյացության նման «մաստեր կլասս» ցուցադրած անձը, փաստորեն, հավակնում էր ստանձնել ՀՀ-ում ապրող բոլոր մարդկանց՝ այդ թվում իր ասած «զոմբիների», «նիկոլականների» իրավունքների պաշտպանությունը։

Ի դեպ, նա որպես թեկնածու իր ելույթում 2018-ի թավշյա հեղափոխությունն անվանել էր «ադրբեջանաթուրքական» ու, ստացվում է, դրան մասնակցած քաղաքացիներին անվանելով «ադրբեջանաթուրքական» խումբ։ Ի դեպ, արդեն նախորդիվ գրել ենք, որ Էդգար Ղազարյանը մինչև 2020 թվականի նոյեմբերը պետական պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր և, փաստորեն, միայն պաշտոնանկությունից հետո գլխի ընկավ, որ 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» ինչ-որ գործընթաց, ինքն էլ այդ գործընթացի բերումով նշանակվել է նոր պաշտոնի։ Եվ, պատկերացրեք, մինչև պաշտոնանկությունը հաշտ ու համերաշխ էր տեղի ունեցածի հետ։

Ի դեպ, մամուլի ասուլիսի ակումբի տիրուհին ոչ միայն չէր սաստում Էդգար Ղազարյանին ՝ փորձելով կանխել նման գռեհկաոճ զեղումներով ուսուցչական համայնքին թիրախավորելը, այլև համաձայնում էր նրա հետ և ընդհուպ նախկին պաշտոնյայի հայտարարությունը՝ «վտանգավոր կենդանի լինելու» մասին, որպես «մտքի գոհար» գրի առավ իր բլոկնոտում։

Նշենք, որ ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը եղել է Վայոց ձորի երբեմնի մարզպետը։ Հավանաբար ՀՀ գործող վարչապետի մարզային այցերը, մասնավորապես՝ կրթական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու շրջանակներում ուսուցիչների հետ շփումները ստիպում են նախկին պաշտոնյային վերհիշել իր պաշտոնավարման տարիներն ու սեփական արշինով չափել ներկա իշխանությանը։ Երևի իր՝ մարզպետ եղած ժամանակ ընդունված է եղել ուսուցիչների արժանապատվությունը նվաստացնելը, նրանց ստիպողաբար այս կամ այն բանն անել տալը, ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծարարությամբ զբաղվելը և այսպես շարունակ։ Եվ այժմ մոլորության մեջ հայտնված Ղազարյանին թվում է, որ թեև ՀՀԿ-ն հեռացել է իշխանությունից, բայց դրա կառավարման օրոք արմատավորված ճղճիմ բարքերը մնացել են։

Ի դեպ, Վայոց ձորի մարզպետարանի կայքում գտանք Ղազարյանի՝ մարզպետ եղած ժամանակ (2013 թ.) ուսուցիչներին հղած շնորհավորանքներից մեկը, որում ներկայիս գռեհկախոսը վայելչախոսում է ուսուցիչների հասցեին՝ մասնավորապես նշելով․ «․․․․Հայ մանկավարժները բոլոր ժամանակներում եղել են ոչ միայն իրենց գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ: ․․․Թանկագին ուսուցիչներ, հավատում եմ, որ Դուք որպես մտավորականներ ակտիվորեն զորակցելու եք, որպեսզի մեր մարզի զարգացման տեմպերը համահունչ լինեն քսանամյա մեր պետության հզորացման ու բարգավաճման ընթացքին»։ Հայտնի չէ՝ ուսուցիչները որքանով աջակցեցին մարզի զարգացման տեմպերին, բայց մարզպետի կարիերան այս շնորհավորանքից հետո նոր տեմպ ստացավ՝ Էդգար Ֆերդինանդովիչը նշանակվեց Լեհաստանում ՀՀ դեսպան ու հեռացավ մարզից էլ, երկրից էլ։

Նշենք, որ մենք հարցում ենք հղել ԿԳՄՍՆ-ին, ՄԻՊ-ին և ակնկալում ենք արձագանք ընդդիմադիր քաղաքական գործչի վերոհիշյալ հայտարարությունների առնչությամբ։

Իսկ նախքան պատասխաններն ստանալը նկատենք՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը պետք է որ իմանա, որ մարդու արժանապատվությունը սահմանադրական արժեքների համակարգում առաջնահերթ, առանցքային նշանակություն ունի. այն կանխորոշում է մարդու իրավունքների ու ազատությունների ողջ սպեկտրը և դրանց իրավական երաշխավորվածությունը:

Հ․ Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ