Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին

Դեռ հունիսի կեսերին էինք կանխատեսել, որ «սրբազան շարժում»-ը ձախողվել է և մտել մի փուլ, երբ անխուսափելիորեն քննարկվելու է շարժման ձախողման պատասխանատվության հարցն ու «քավության նոխազների» փնտրտուքը։ Արդ, երբ այժմ տեսանելի է իշխանափոխության օրակարգով հերթական շարժման պարտությունը, ով է լինելու «քավության նոխազը» և կամ «էշ նահատակը»՝ Վազգեն Գալստանյա՞նը, թե՞ հայ ավանդական կուսակցությունը։ Նկատենք, որ օրերս Շիրակի թեմի առաջնորդը իր սկանդալային հարցազրույցում «երրորդ տարբերակն էր» մատնանշել և փորձելով ավանսով իր աշակերտ Վազգեն Գալստանյանին ապահովագրել «նահատակության» անպատվելի պրոցեսից՝ պարտության մեղավոր էր հռչակել երկրորդ և երրորդ նախագահներին։

Որևէ մեծադղորդ միջոցառման ձախողման պատասխանատվության ստանձնումը, նկատենք, հաճելի պրոցեսներից չէ, և դրա միջով անցել են ընդդիմադիր նախկին բոլոր շարժումները, այդ թվում՝ նախկին ռեժիմի օրոք տեղի ունեցած և մասնավորապես նաև «Դիմադրություն» շարժումը։ Այս տխրահռչակ միջոցառման ֆիասկոյի պատասխանատուն, նկատենք, այն ժամանակ հռչակվեց Ռոբերտ Քոչարյանին սատարող ՀՅԴ-ն՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, թեև դիմադրողականներին միացել էին մի շարք այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն՝ յուր նախագահով։ Բայց Սերժ Սարգսյանը, օժտված լինելով պարտության հոտը բոլորից շուտ զգալու ու միջոցներ ձեռնարկելու բացառիկ տաղանդով («նյուխաչ»), չստացված իշխանափոխության հարցում իր մեղքի բաժինը ազնվորեն ստանձնելու փոխարեն որոշեց այն դնել Քոչարյանի, նրա թիմի և անձամբ Իշխան Սաղաթելյանի վրա՝ վերջինիս հռչակելով «ընդդիմության առաջնորդ»։

Այժմ էլ նույն՝ արդեն հայտնի ձեռագիրը փորձ է արվում կիրառել «սրբազան շարժման» դեպքում՝ դրա ձախողման պատասխանատվությունը դնելով Գալստանյանի և ՀՅԴ-ի վրա։ Եվ եթե «Դիմադրություն» շարժման օրերին Սերժ Սարգսյանը ֆիզիկապես մասնակցում էր և ֆիզիկապես էլ փորձեց մաքրվել պարտության բեռից՝ «Իշխանը ոնց ասի, տենց էլ կանենք» ազդարարելով, ապա այս անգամ, քանի որ նրա իզնութոզը չէր երևում շարժման շարքերում, պատասխանատվությունից խույս տալու գործընթացը տեղի է ունենում իրեն սպասարկող քարոզչամիջոցների ու անհատ քարոզիչների ուղերձներով։

Ասվածում համոզվելու համար հարկավոր է ուշադիր հետևել ընդդիմադիր մամուլի՝ մասնավորապես պրոՀՀԿ-ական կայքերի մեսիջներին՝ հարցադրումների ձևակերպում, արձանագրումներ, մուննաթ և թիրախավորված մեղադրանք, և խորքային պատկերը տեսանելի ու հասկանալի կդառնա։ Նկատենք, որ Քոչարյանի թիմն՝ ի դեմս ՀՅԴ-ի, իր հերթին է փորձում ձախողման պատասխանատվությունը կիսել ընդդիմադիր դաշտի այլ սուբյեկտների հետ՝ վերջիններիս մեղադրելով շարժմանը հենց սկզբից չմիանալու, կեսից «թռնելու» և ակտիվ մասնակցության փոխարեն տանը նստած «ստատուսներ գրելու» մեջ։ Կայքերից մեկն, օրինակ, հոկտեմբերի 2-ի խայտառակությունից (հանրահավաք, Հ1-ի եթերում ուղերձ) հետո Գառնիկ Դանիելյանին «ռինգ» էր հրավիրել ու հարցուպատասխանի միջոցով ընդդիմությանը (շեշտելով մասնավորապես ՀՅԴ-ի անունը) ոչ միայն մեղադրեց հանրությանը պարապ խոսակցություններով կերակրելու, նույն տեքստերով մարդկանց հոգնեցնելու ու հուսախաբ անելու մեջ, նաև հարց հղեց՝ «ինչ եք անելու երկուշաբթի օրը, երեքշաբթի օրը, հաջորդ օրերին, մարդիկ ի՞նչ պետք է անեն, ասեք գործողությունների պլան»։ Դանիելյանն էլ իր հերթին տակ չմնաց ու հունից դուրս գալով ազդարարեց՝ պայքարը «էքշն կինո կամ թրիլլեր չէ», որ տանը նստած՝ պլանշետով հետևես, պետք է գաս ու ֆիզիկապես ներկա լինես, ընդ որում՝ ոչ թե մի քանի ժամով՝ ներկա ստանալ-տուն գնալով, այլ՝ օրեր շարունակ պայքարելով։ «Ախր պետք չի տենց ընտրովի վերաբերվել, էլի, ես զարմանում եմ, էլի»,- այնուհետ հավելեց ՀՅԴ-ականն ու վրա բերեց. «Դե լավ, թող տներում նստեն, ոչ մի բան չանեն։ Քարոզեք ուղիղ եթերում, ասեք՝ սիրելի հայրենակիցներ ջան, օգտվելով առիթից, կոչ եմ անում ձեզ չպայքարել, սպասեք հետագա զիջումներին։ Էդ ե՞ք ուզում լսել մեզնից։ Պիտի պայքարեն, պիտի իրենց էությամբ, իրանց տեսակով, իրանց ամեն ինչը թողնեն մի կողմ, լծվեն ազգային-ազատագրական գործին՝ շինականից մինչև մտավորական»։

Մինչ Դանիելյանի բորբոքված կոչին կանսան դրա հասցեատերերը՝ հարկ է նկատել նաև մեկ այլ քաղաքական նյուանս ևս. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունն այն մասին, թե նախկին նախագահները պետք է հայտարարեն ու հեռանան քաղաքական ասպարեզից, քանի որ ժողովուրդն իրենց անունը լսել չի ուզում, որքան էլ դառը ճշմարտության բարձրաձայնում էր, սակայն նաև յուրօրինակ «նվեր» դարձավ, որն ընդունելով՝ Քոչարյանն ու Սարգսյանը կարող են իրենց գլուխն ազատել վերահաս խայտառակությունից, իրենց աջակիցներով ու ռեսուրսներով դադարել մասնակցել շարժման հետագա հավաքներին՝ իշխանափոխության ձախողման միակ պատասխանատու, մեղավոր դարձնելով եկեղեցու սպասավորին։ Նա էլ շարժումը միանձնյա ու սեփական ուժերով որոշ ժամանակ տանելուց, հասարակությանը բարոյականության դասեր տալուց ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բարոյական հաղթանակ» տանելուց հետո կվերադառնա իր ծառայության վայր՝ Տավուշ, և չակնկալիքների պայքարն այսպիսով կդառնա պատմություն։

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ էինք հուշել «սրբազան պայքարի» կազմկոմիտեին՝ հունիսի 12-ի դեպքերից հետո հայտարարված արձակուրդն օգտագործել խելամտորեն։ Այն է՝ այլևս չվերադառնալ արձակուրդից ու նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ