ՌԴ-ն անցակետում ըստ էության «դուրս է գալիս» ՀՀ-ի և Իրանի «արանքից», Պուտինը և Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր. Բադալյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադառնալով ձեռք բերված համաձայնությանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ռուսաստանն ու Հայաստանը, ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, պայմանավորվել են, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին ՌԴ սահմանապահների հետ մեկտեղ ծառայություն կիրականացնեն նաեւ հայ սահմանապահները:
Ինչպես արդեն նշել եմ, այս հանգամանքին կանդրադառնամ վաղը, ներկայացնելով իմ տեսակետն ու գնահատականը: Միեւնույն ժամանակ, ըստ իս, առավել կարեւորն այն համաձայնությունն է, որ վերաբերում է Իրանի հետ սահմանի անցակետին, որտեղ ծառայությունը՝ ըստ հայ-ռուսական համաձայնության, կանցնի հայ սահմանապահներին:

Սա էական է իր աշխարհաքաղաքական ասպեկտով, բնականաբար ռեգիոնալ երանգների համատեքստում: Ուշադրություն դարձնենք՝ այս համաձայնությունը կայացվում է Թուրքմենստանում Պուտին-Փեզեշկիան առաջին հանդիպումից երեք օր առաջ: Այդ հանդիպումն ինչ որ միջազգային ֆորումի շրջանակում կայանալու է հոկտեմբերի 11-ին: Հոկտեմբերի 22-24-ին պետք է լինի ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որին մեկնելու է նաեւ Իրանի նախագահը: Փաստորեն ստացվում է, որ Պուտինը եւ Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր եւ նրանց առաջին հանդիպումը լինում է ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Թուրքմենստանում: Սա թերեւս նշանակում է, որ կա քննարկելու էական հարց, եթե «չեն համբերում» մինչեւ Կազան:

Այդպիսով, այդ էական հարցի քննարկումից առաջ Ռուսաստանը համաձայնում է հայ-իրանական սահմանային անցակետը, այսինքն՝ Հայաստան-Իրան հաղորդակցությունը հանձնել հայ սահմանապահներին: Ըստ իս, սա ձեւով հայ-ռուսական, սակայն քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակությամբ ռուս-իրանական համաձայնություն է: Ռուսաստանն անցակետում ըստ էության «դուրս է գալիս» Հայաստանի եւ Իրանի «արանքից»:

Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, սա ժեստ է Իրանին, վստահության էական ժեստ, որովհետեւ աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանը Իրան-Հայաստան հաղորդակցությունը վստահում է ոչ թե Հայաստաննին, այլ՝ Իրանին: Եվ այդ ժեստն արվում է Փեզեշկիանի հետ հանդիպումից առաջ, ինչը թերեւս նշանակում է, որ Մոսկվան այդ հանդիպումից սպասում է պատասխան ժեստ Իրանից:

Ի՞նչ տեսքով՝ ռուս-իրանական պայմանագրի ստորագրմա՞ն, Կազանի գագաթնաժողովում, թե՞ ավելի մերձավորարեւելյանոտ իրողություններին առնչվող՝ ներկայիս իրադարձությունների համատեքստում: Իսկ գուցե Իրանին վստահության ժեստ, Կովկասի՞ առնչությամբ որեւէ հարցում համաձայնության դիմաց: Միարժեք իհարկե բարդ է ասել:

Սակայն, չեմ բացառում, որ գործնականում կարող էր նույնիսկ Իրանն ակնկալել այդ քայլը Ռուսաստանից, որպես հենց վստահության «առհավատչյա»: Միջպետական հարաբերություններում այդօրինակ «պայմանները» պատահում են հաճախ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ