Պուտինը հայտնել է՝ ինչ են քննարկել ՀՀ վարչապետի հետ և հաստատել ԲՐԻԿՍ-ի հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ
ՀՀ վարչապետի հետ «ուղղակի դեմ առ դեմ քննարկել են ընթացիկ հարցերը»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հրավերը։

«Սպասում եմ ձեզ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր՝ բազմաթիվ շփումներ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ կլինեն երկկողմ բանակցություններ, և հնարավորություն կլինի զրուցել մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր նախատեսում են մասնակցել այդ աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հրավերի համար։

Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայկական կողմից հանդիպմանը ներկա է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանը և այլ պաշտոնյաներ:

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան ակտիվ դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը նախագահելու է Պուտինը։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։

Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձել է գագաթնաժողովի նախապատրաստություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ