WCIT 2024 միջոցառման հրավառությունն իրականացրած անձը չի ունեցել ՆԳՆ-ի կողմից թույլտվություն. կձեռնարկվեն միջոցներ

Հոկտեմբերի 7-ի՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությանը չի ունեցել թույլտվություն՝ հիշեցնելով,որ օրենսդրությամբ Երևանում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն։

«Մի քանի օր առաջ համերգի ժամանակ տեղի ունեցած հրավառության արձանագրումը ՆԳՆ-ի հետ պետք է քննարկել։ Սա այն միջոցառումներից էր, որ հրավառությունը, վստահաբար, թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում։ Բայց քանի որ չի եղել, խնդրում եմ՝ այս արձանագրությունը կազմենք անպայման»,- ասել էր Ավինյանը։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել Ներքին գործերի նախարարությունից, որին ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է.

«Պետական կամ համայնքային միջոցառումների շրջանակներում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլտվություն տալիս է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Մասնավորապես՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին (իր իրավազորության տարածքի սահմաններում) սահմանում է կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը։

Թեև նշված հրագործական արտադրատեսակների ներմուծումն ու կիրառումը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների վտանգավորությունը, դրանց կիրառման կապակցությամբ հնարավոր ռիսկերը, բացի լիցենզիայից ձեռքբերումից, նախատեսել է նաև լիազոր մարմնի թույլտվության պարտադիր պահանջ, որը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի իմաստով հանդիսանում ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

WCIT 2024 միջոցառման շրջանակներում, հրավառության իրականացման պահի դրությամբ, հրավառություն իրականացնող անձը չի ունեցել Ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված թույլտվություն, հետևաբար թույլտվության չտրամադրման պայմաններում հրավառություն իրականացնելը իրավաչափ չէ, ինչի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից կձեռնարկվեն համարժեք միջոցներ:

Միաժամանակ, հանրային անվտանգության և քաղաքացիների կյանքի ու առողջության պաշտպանության նկատառումներից ելնելով` հորդորում ենք բոլոր իրավաբանական անձանց պատշաճ կերպով իրականացնելու համապատասխան թույլտվություն ստանալու իրենց օրենսդրական պարտականությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ