ՀՀԿ-ն յոթ երգ գիտի, յոթն էլ «փակ դռների հետևում…»-ի մասին. Սերժ Սարգսյանն առել էր Ալիևի «բերանի գոլը»

Եթե արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, ապա ՀՀԿ-ի քարոզչամեքենայի իմացած բոլոր երգերը Ալիևի՝ «փակ դռների հետևում մեզ ստիպում էին ճանաչել ԼՂ անկախությունը» արտահայտության մասին են։ Այդ «երգը» կարկառուն ՀՀԿ-ականները «խորով» կամ «սոլո» ֆորմատում երգում են այն ժամանակ, երբ խոսվում է ԼՂ խնդրի կարգավորման՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային «գյոզալական» ժառանգության մասին։ Ալիևի հույսին մնացած ՀՀԿ-ի ագիտպրոպը փորձում է ցույց տալ, թե ի՜նչ հմուտ ու տաղանդավոր, ինչ «շուստրի» ու (եթե կուզեք) «բիթի» դիվանագիտություն է բանեցրել Սերժ Սարգսյանի կառավարությունը, որ միջազգային հանրությունը Ալիևին մտցրել է «տուպիկ» ու ստիպել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Ի դեպ, այսօր Ալիևի սույն հայտարարությունը ցիտելու օրացուցային օրն է, և բնականաբար, ՀՀԿ-ն չէր կարող չհիշել օրվա խորհուրդն ու երիցս, հերթական անգամ չմեջբերել Ալիևին։ Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (մի քանի օր առաջ էլ՝ Տիգրան Աբրահամյանը) ֆեյսբուքյան իր էջում (սև ֆոնով) վկայակոչել է իրենց սրտի քարոզիչ Ալիևի ամենասիրելի այս «աֆորիզմը», միայն թե՝ Ադրբեջանի նախագահի խոսքը, որն, ի դեպ, վերջինս արտաբերել է ապրիլյան պատերազմից հետո, ինչպես միշտ կիսատ՝ մասամբ է մեջբերել՝ խմբագրելով ամենակարևոր մասը։ Փույթ չէ, մենք այն լիարժեք՝ ծայրից ծայր կմեջբերենք։

Հարկ է նկատել, որ Ադրբեջանի նախագահը խնդրո առարկա հայտարարությունն արել է (07.10.2016) ներքին լսարանի առաջ՝ նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ՝ նվիրված 2016թ. 9 ամիսներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին։ «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան… Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող ճնշումների հիմնական նպատակը մեզ սևացնելն է, հերյուրանքը, զրպարտությունն ու վիրավորանքը, ինչպես նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան» նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քանի դեռ իշխանությունը մեր ձեռքում է, հանրաքվեն (Ադրբեջանի Սահմանադրության-խմբ.) ցույց տվեց, որ, փառք Աստծու, մենք երկար կլինենք իշխանության, Ադրբեջանը երբեք չի տա դրա համաձայնությունը: Լեռնային Ղարաբաղը մեր անբաժանելի պատմական հողն է, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- մասնավորապես հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Արդ, ի՞նչ զարգացումներ տեղ ունեցան վերոհիշյալ կիսատ մեջբերված հայտարարությունից հետո, արդյոք 1994 թ. զինադադարի համաձայնագրի վրա թքած, ապրիլյան պատերազմը սանձազերծած Ալիևը փոխե՞ց իր ռազմատենչ, մաքսիմալիստական հռետորաբանությունն ու դեստրուկտիվ վարքագիծը, դարձավ ավելի ադեկվատ ու ենթարկվո՞ղ։ Ալիևը, համոզված ենք, Շարմազանովն էլ կհավաստի, ոչ միայն չէր պատրաստվում հետևել «փակ դռների հետևում» արված՝ ստիպողական առաջարկին, այլև միտումնավոր վիժեցնում էր բանակցային գործընթացը, քանի որ դրանց արդյունքում չէր ստանում իր ակնկալիքները՝ ոչ միայն «յոթ շրջան»-ի վերադարձ Ադրբեջանին, այլև՝ Ղարաբաղի։

Մի քանի դրվագ հիշեցնենք. Ալիևի այս հայտարարությունից երկու ամիս անց՝ 2016 թ. դեկտեմբերի 9-ին, Համբուրգում անցկացված ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ էին անում «ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ»։ «Եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի, նոր բախումների հավանականությունը շարունակելու է աճել, և կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը»,- զգուշացնում էին եռանախագահները և ընդգծում՝ «անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու ուղղությամբ»: Կոչը, սակայն, այդպես էլ մնաց թղթի վրա, այն միջազգային հանրությունը, որը «ստիպում էր» Ալիևին ճանաչել ԼՂ անկախությունը, այդպես էլ ի վիճակի չեղավ ստիպել Ալիևին ստեղծել խնդրո առարկա հետաքննության մեխանիզմը։ Այդ՝ փափագելի մեխանիզմի մասին խոսում, հիշում ու հիշեցնում էր միայն հայկական կողմը՝ ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի շուրթերով։ Դեկտեմբերի 8-ին էլ Սերժ Սարգսյանը, որն առել էր Ալիևի «բերանի գոլն» ու կանխատեսում էր վերջինիս՝ «հարցի կարգավորում՝ պատերազմի միջոցով» մտադրությունը, Ստեփանակերտում, հանդիպելով մտավորականներին, նախապատրաստել էր հանրությանը պատերազմի. «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիները արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»։ Սարգսյանը, սակայն, չէր մանրամասնել՝ ի՞նչ նկատի ունի: ՀՀԿ խմբակցության խոսնակ Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում բացել էր փակագծերը. «Մինսկի խմբի համանախագահները «լղոզված» կոչ են անում՝ խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ «Այսինքն՝ չեն տեսնում այն լույսը, որի կողմը պետք է գնանք և դրա շուրջ կատարենք բանակցությունները։ Բնականաբար, մենք պետք է զգոն լինենք։ Եթե մենք որևէ լույս նշմարենք, որ Բաքուն այստեղ համաձայն է, մենք էլ ենք համաձայն, և դրա շուրջ պետք է գնալ բանակցությունների, էդտեղ կարելի է հանգստություն ունենալ։ Բայց ինչ պայմանավորվածություն որ ձեռք է բերվում, պաշտոնական Բաքվի կողմից մի շաբաթ կամ 10 օր հետո անմիջապես ժխտվում է։ Մենք ինչի՞ վրա հույս դնենք, որ հանգստության կոչ անենք»։

Քանիցս գրել ենք, ևս մեկ անգամ նկատենք՝ Ալիևի՝ ՀՀԿ-ի կողմից այդքան «սիրված» հայտարարությանը հաջորդած զարգացումների հպանցիկ անդրադարձը պայթեցնում է նախկին իշխանության քարոզչամեքենայի փչած փուչիկը. Ադրբեջանի նախագահը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո է՛լ ավելի կարծրացրեց իր դիրքորոշումը, բանակցությունները մտցրեց փակուղի ու ստիպեց այդ մասին խոստովանել Սերժ Սարգսյանին՝ 2018-ի ապրիլին, ԱԺ-ում իր հայտնի ելույթի ժամանակ։ Այնպես որ պարոն Շարմազանովին ու նրա մյուս գործընկերներին թերևս պետք է բարեկամաբար հորդորել դադարել հայ ժողովրդին այս քարոզչական «կտով» կերակրել։ Ալիևը ոչ միայն չէր պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը, այլև, ըստ էության, թքած ուներ Մինսկի խմբի համանախագահության անունից հանդես եկող միջազգային հանրության կոչերի վրա՝ խնդրի հանգուցալուծումը պատկերացնելով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակում։ Իսկ եթե ոչ՝ պատերազմ։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ