Եկեղեցու վերնախավն ուղղորդվում է արտաքին ազդակներով, չի բացառվում, որ Գալստանյանին փոխարինեն Աջապահյանով. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը այն համոզմանն է, որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը և ՀՀ նախկին իշխանությունները ուղղորդվում են արտաքին ազդակներով:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Մայր Աթոռի հոգևոր դասի ներկայացուցիչների այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Մյուռոնօրհնության և Մայր Աթոռի վերաօծման արարողություններին իշխանության անդամներին հրավիրելը չի ենթադրում, որ եկեղեցին փոխել է իր դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ:

«Քանի որ իրենք խնդիր ունեն բավարարելու այն մարդկանց, այն երկրներին, ումից ստանում են մեդալներ, պետք է շարունակեն պահապանել իրենց դիրքորոշումը, որովհետև, իմ վստահությամբ, իրենք չեն մտել այս պրոցեսի մեջ իրենց ուղղակի նախաձեռնությամբ»,- հավելում է քաղաքագետը:

Միաժամանակ վերջինս նկատում է՝ կուլիսներում էլ ամեն ինչ հարթ չէ, շարժման ետևում կանգնած ուժերն ու դեմքերն էլ շատ հարցերում ունեն հակասություններ. «Այսինքն՝ սա արդեն 2-րդ և 3-րդ նախագահների հարցերն են, ես միշտ ասել եմ, որ չեմ կարծում, որ իրենք միասնական են, և այդ ներքին հակասությունները 2-րդ, 3-րդ, ինչու չէ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի բևեռների միջև են: Իսկ այն, որ եկեղեցին ցույց է տալիս, թե շարունակում են պայքարը, դա էլ արտաքին հովանավորների համար է, որ «մենք հետ չենք կանգնել այն բանից, ինչի համար ստացել ենք մեդալներ և աջակցություն Մարիա Զախարովայից»:

Ըստ Դալլաքյանի՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ միասնական չեն եղել. «Միասնական են միայն իրենց ապօրինի գույքը պահելու հարցում, մնացած հարցերում՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ, այս իշխանությունների դեմ պայքարի մեթոդներ, իրենց հետ գալ, միասնական չեն»:

Կրկին անդրադառնալով ՀԱԵ-ի բարձր հոգևոր դասի ներկայացուցիչներին՝ զրուցակիցը նշում է, որ վերջիններս դարձել են ՌԴ-ի խոսափողը. «Ինչու եմ դրանում վստահ, որովհետև եթե եկեղեցին քննադատեր ՌԴ-ին նույն Արցախի էթնիկ զտմանը մասնակցելու, ՀՀ անվտանգությունը չպահելու հետ կապված, ես կկիսեի այդ տեսակետը, բայց եթե եկեղեցին զուգահեռ նշում է, որ մեր գլխավոր դաշնակիցը ՌԴ-ն է, դա դիվանագետների հայտարարությունն է, որոնք կանգնած էին Գալստանյանի կողքին, այսինքն՝ դա եկեղեցու տեսակետն է, որն ասում է, որ մեր դաշնակիցը ՌԴ-ն է և չի քննադատում վերջինիս իր հակահայ քաղաքականության համար: Նաև երբ որ ռուս եկեղեցին ալբանական որակեց Արցախի հայկական եկեղեցիները, Մայր Աթոռից ոչինչ չասացին, դա ցույց է տալիս, որ ՌԴ-ի հանդեպ կա կողմնակալ վերաբերմունք»:

Դալլաքյանի նկատառմամբ՝ եկեղեցուն աջակցությունն ունի երկու 2 շերտ՝ և՛ արտաքին, և՛ ներքին:

«Որովհետև նախկին իշխանությունների հետ էլ իրենք միշտ ունեցել են ջերմ հարաբերություններ, որևէ քննադատության չեն ենթարկել նախկին իշխանությունների հակաօրինական գործողությունները՝ ցոփ ու շվայտ կյանքով ապրելը, թալանելը»,- ասում է նա:

Դալլաքյանը չի բացառում, որ Գալստանյանին փոխարինեն Աջապահյանով. «Կարծում եմ՝ Աջապահյանը ոչ թե ուզում է ասպարեզ գալ, այլ իրեն ասել են, որ գա: Որոշ շրջանակներ փորձում են հիմա էլ նրան խաղարկել՝ այս շարժումը մասնատելու և իրենց բաժնեմասը շարժման մեջ ավելացնելու համար: Իհարկե, Գալստանյանն ասում է, թե իրենց մեջ խնդիրներ չկան, սակայն վստահ եմ, որ կան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ