2018-ին ամենուր «Մերժիր Սերժին» խոսույթն էր, երեխաներին հատուկ չէին սովորեցնում, այս դեպքի հետ համեմատելի չէ. Հակոբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ահազանգել էր Վազգեն (Բագրատ) Գալստանյանի վերջին հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի մասին:

Բանն այն է, որ երեխայի հարազատները նրան սովորեցնում են ասել՝ «նեռին հեռացնել»: Ապա լրագրողներից մեկը, որն առավել ընդդիմադիր ակտիվիստի վարքագծ է դրսևորում, փոքրիկին հարցնում է, թե «նեռը ո՞վ է»: Երեխան արձագանքում է՝ «Նիկոլը», որին հետևում է փոքրիկի շուրջ հավաքված մեծահասակների անկանոն հրճվանքը: Այնուհետև նույն լրագրողը հարցնում է, թե՝ «Նիկոլն ո՞վ է»: Երեխան պատասխանում է՝ «նեռը», ինչին հաջորդում է լրագրող-ակտիվիստի արձագանքը՝ «տրամաբանական է»: Նա նաև երեխային կրկին հարց է հղում, թե «ինչո՞ւ է նեռ»: Երեխան արձագանքում է՝ ասելով՝ «գողություններ է արել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նկատում է՝ անշուշտ, երեխան օգտագործվել է քաղաքական նպատակներով՝ հավելելով՝ ընդդիմադիր կողմի ձեռագիրն է նման արարքներով հուզական երանգ հաղորդել իրենց գործողություններին:

«Օրինակ՝ հուլիսին տեղի ունեցած դեպքի ընթացքում էլ, երբ Գալստանյանի հերթական հավաքի ժամանակ մասնակիցները փորձում էին բախումներ հրահրել, ևս երեխաներ կային նրանց հետ։ Այդտեղ արդեն խնդիր կար․ եթե բախումներ լինեին, երեխաները ֆիզիկական վնասվածքներից ևս ապահովագրված չէին։ Հիմա մենք երեկվա հանրահավաքին էլ ականատես եղանք, որ երեխային մանիպուլացնում են, ասում՝ ինչ արտահայտություններ հնչեցնի։ Ճիշտ է, չենք կարող մեղադրել հավաքի կազմակերպիչներին, որ դա հատուկ արված քայլ էր, սակայն ամեն դեպքում ես տեսա ուղղորդում ծնողի կամ հարազատի կողմից, որը երեխային գրկել էր։ Լրագրողը նույնպես այդ խոսույթը շարունակում էր»,- ասում է նա։

Ըստ նրա՝ հանրահավաքներին երեխաների մասնակցությունը մշտապես եղել է, սակայն եթե դրանք խաղաղ ցույցեր են, ու վտանգված չէ երեխաների անվտանգությունը։ Վերջինս շեշտում է այն հանգամանքը, որ Գալստանյանի հանրահավաքին ներկա երեխան, որը կարող էր մոտավորապես 3-4 տարեկան լինել, չէր կարող ունենալ քաղաքական հայացքներ ու եզրահանգումներ անել, ուստի այն ամենը, ինչը սովորեցնում էին նրան, չէր բխում վերջինիս լավագույն շահից։

«Բազմաթիվ անգամներ տեսել ենք՝ ինչպես են տարբեր խմբեր դիմել այս քայլին, օգտագործել երեխաներին կամ զոհված զինծառայողի ծնողներին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Տարբեր խոսույթներով են հանդես եկել, օրինակ՝ «Կիրանցով կգնանք Արցախ», որը լուսաբանվել է իրենց լրատվամիջոցներով։ Այնպես որ, այո, կարող ենք տպավորություններ ստանալ, որ այս բոլոր դեպքերը ուղղորդված են։ Ցանկանում են հուզական ֆոն ստեղծել մարդկանց մոտ՝ մտածելով, թե այդպես գոնե կգան իրենց կողքին կկանգնեն։ Այսինքն՝ նման պահերը դարձրել են գործելաոճ»,- ասում է նա։

Հակոբյանը նաև անդրադառնում է այն մեղադրանքներին, որոնք Գալստանյանի հանրահավաքի մասնակիցները կամ ընդդիմադիր այլ անձինք ուղղում են իշխանությանը, այն է, թե իշխանությունը երեխաներին նույնպես օգտագործել է քաղաքական նպատակներով:

«Իմ գրառման ներքո նույնպես իրենց կողմնակիցները գրել էին, թե 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության ժամանակ երեխաները գոռում էին՝ «Մերժի՛ր Սերժին»։ Օրինակ՝ իմ աղջիկն էլ էր այդ արտահայտությունը անում, բայց ես նրան չէի տարել հանրահավաքներին, ուղղակի ամեն տեղ այդ խոսույթն էր, ու նա լսելով կրկնում էր։ Մտադրված քայլ չէր։ Գուցե այդ ժամանակ էլ կային հատուկ դեպքեր, բայց հաստատ բարձրաձայնվել են ու ընդունելի չեն եղել։ Այս դեպքով էլ ես հին ու նոր չեմ անում, որովհետև նման դեպքերը համեմատելի չեն։ Երեխայի համար ծնողը հեղինակություն է, ինչ ասում է՝ նա էլ կրկնում է, բայց լրագրողը ևս հարցնում է՝ ինչո՞ւ է «նեռ», կամ «վատը», երեխան պատասխանում է՝ «գողություն է արել»՝ հասկանալով, որ գողությունը վատ բան է։ Հետո իրեն կողքից հուշում են, որ պատասխանի հարցին, թե ինչ է գողացել, այսինքն՝ բացասական աուրա են ստեղծում»։

Միաժամանակ Հակոբյանը նկատում է, որ իր արած գրառումը ընդդիմադիր հատվածը փորձում է օգտագործել իշխանության դեմ և մեղադրել երեխային թիրախավորելու համար։ Վերջինս իր հետևորդներին խնդրել է չպիտակավորել և հեռացրել է նման բովանդակություն պարունակող մեկնաբանությունները։

Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը պայքարի այս ճանապարհը ընտրել, պատգամավորը կարծիք է հայտնում, որ նրանց միակն նպատակը ատելության խոսույթով, տարբեր մարդկանց թիրախավորելով՝ ոստիկաններին, գործարարներին, իրենց հանրահավաքներին մարդկանց թվի ավելացմանը հասնելն է․ «Այսինքն՝ չեն հասկանում, որ ատելության խոսք են գեներացնում և դրանով հասարակությանը չեն գրավի։ Հանրահավաքի ռեժիսորները նման կերպ փորձում են այլ անձանց օգտագործել։ Հուլիս ամիսն էլ ոստիկանների գլխին էին քարերով հարվածում, ծաղրում նրանց»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը կարևորում է՝ նման դեպքերի մասին բարձրացումը պետք է նպաստի, որ ծնողը հասկանա իր սխալը, երեխային հավաքների չտանի քաղաքական նպատակներով։

Նկատենք, որ պատգամավորի գրառմանն արձագանքել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ վստահեցնելով, որ Հասմիկ Հակոբյանի ներկայացրած իրավիճակի հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ