ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. քննարկվել են կառույցի գործունեության օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը: Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025 թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ