Այս պահի դրությամբ տուժածներ չկան, այրվում է 2500-3000 քմ տարածք. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի մասին

Հրդեհի հետևանքով տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:

«Հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն. այս պահին հայտնի չեն: Այս պահի դրությամբ այրվում է 2500-3000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: Ինչ վերաբերում է պայթյունին, այս պահին նման հաստատված տեղեկություն չկա: Կարող եմ ասել, որ, նախնական տվյալներով, հրդեհը սկսվել է պահեստային հատվածից, ինչը տարածվել է նաև խանութի տարածք»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ փրկարար ծառայողներն աշխատանքներ են տանում հիպերմարկետի անվտանգության ծառայության հետ։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ բոլոր աշխատակիցները դուրս են եկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ