Ինչո՞ւ խոսեց միայն Աջապահյանը․ Գզվռտոց ընդդիմադիր դաշտում

 

 

Ե՛վ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։ Եվ եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, այլ՝ իշխանության վերադառնալու կամ ընդդիմության իշխանությունը պահպանելու համար։ Այս մասին News.am-ի եթերում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանը, այսպես կոչված, «սրբազան պայքարի» ձախողման պատճառ է համարում նախկին նախագահների ուրվականի ու ստվերի ներկայությունը։ Աջապահյանը նշում է, թե Քոչարյանն ու իր որդին, Սարգսյանն ու Հանրապետականը պետք է հեռանան ասպարեզից, որվեսզի շարժումը հաջողի, քանի որ մարդիկ չեն ընդունում այս ուժերին ու երբեք չեն աջակցի նրանց։

Բայց արդյոք հասարակությունը չի ընդունում այդ անձա՞նց, դերակատարների՞ն, թե՞ նախկին համակարգն է մերժում։ Նախկին նախագահները ևս կարծում են, թե հասարակությունը մերժում է անձերին։ Հենց դրանով պայմանավորված տարատեսակ շարժումների առաջնորդներ էին ընտրում առերևույթ իրենց հետ կապ չունեցող մարդկանց՝ Վազգեն Մանուկյանից մինչև Բագրատ սրբազան։ Տեսնելով, որ քաղաքական դաշտում չի հաջողվում գտնել չվարկաբեկված անձի, ընտրեցին Բագրատ սրբազանին ու վերջինիս վերածեցին Վազգեն Գալստանյանի։ Սկզբնական շրջանում նախկին նախագահները փորձում էին չերևալ, առաջնորդի կերպարում միանձնյա Բագրատ Գալստանյանն էր, նախկինները փորձում էին ստվերում մնալ, սակայն նույնիսկ այդ դեպքում շարժումը էական հաջողություններ չգրանցեց։ Եվ պատճառը նախկին արժեքներն ու լեքսիկոնն են։ Մարդիկ մերժում են ոչ թե նախկին դերակատարներին կամ ոչ միայն նախկին դերակատարաներին, այլև նախկին համակարգն ու արժեքները։ Կարող է կարծիք հնչել, որ առաջին հանրահավաքին շատ մարդ կար հենց այն պատճառով, որ նախկինները չէին երևում, սակայն իրականում մարդիկ այդ հանրահավաքին և հաջորդող հանրահավաքներին բացահայտեցին այդ հանրահավաքների բովանդակային սնանկությունը, հռետորաբանության ու արժեքային նույնությունը նախկին շարժումների ու նախկինների հետ, բացի դրանից՝ հանրահավաքի բազմամարդությունն ապահովել էին նաև նույն նախկին նախագահները՝ ներդնելով իրենց ողջ ռեսուրսը։

Այս տեսակետը, թե նախկին նախագահները պետք է հեռանան, ազատեն դաշտը, որպեսզի ընդդիմությունը հաջողի, նոր չէ։ Եվ մի պահ նախկինները իհարկե չէին հեռացել, սակայն ակտիվություն չէին դրսևորում, և ո՞ւր էին այն ընդդիմադիրները, որոնց այդ նախկին նախագահները խանգարում էին։ Ի՞նչ հաջողություններ գրանցեցին նրանք, ի՞նչ գործունեություն ծավալեցին, ինչո՞ւ էին պասիվ։

Միքայել սրբազանը News.am-ի եթերում բացահայտում է նաև, որ Բագրատ Գալստանյանը դիմել է նախկին նախագահներին՝ չմասնակցել շարժմանը, մնալ ստվերում։ Այդ խնդրանքից, սակայն, նախկինները նեղացել են ու ողջ ռեսուրսով հեռացել։ Դա ակնհայտ էր նաև վերջին հանրահավաքից։ Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքում ներկա չէին ո՛չ նախկին նախագահները, ոչ էլ իրենց պատգամավորներից շատերը։ 2000-հոգանոց հանրահավաքի վայրում ներկա էին միայն Աղվան Վարդանյանը, Սեյրան Օհանյանը և գուցե ևս երկու-երեք պատգամավոր, որոնց մենք չենք նկատել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից առհասարակ որևէ մեկը չկար։ Նախկինում, սակայն, ԱԺ ընդդիմադիր ողջ ներկապնակը ներկա էր լինում։ Այս անգամ ակնհայտ էր, որ չկար նաև իրենց երիտասարդական թևը։ Եվ ահա, առանց նախկինների ռեսուրսի Բագրատ Գալստանյանը հաջողացնում է կազմակերպել 2000-հոգանոց հանրահավաք։ Սա կարծես նրա ամենասակավամարդ հանրահավաքն էր։ Հատկանշական է, որ կազմակերպիչները որպես հանրահավաքի անցկացման վայր ընտրել էին Հանրապետության հրապարակը՝ ակնհայտորեն չենթադրելով, որ այդքան սակավամարդ է լինելու հանրահավաքը։

Նախկին նախագահները, ուզենք թե ոչ, հայաստանյան քաղաքական համակարգի մաս են, ու նրանց ներկայությունը չէ, որ խանգարում է մյուսներին։ Այդ մյուսներն են, որ փորձում են իրենց սնանկությունը բացատրել նախկինների գոյությամբ։

Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին…

Ահա այսպես է արձագանքել Միքայել Աջապահյանին հանրապետական Էդուարդ Շարմազանովը՝ առանց Աջապահյանի անունը տալու։ Նա եկեղեցականին մեղադրել է նաև «նիկոլական» լինելու մեջ։ Սա ծեծված թեզ է՝ ում հայացքները չեն համընկնում նախկինների հետ, հռչակում են «նիկոլական»՝ ընդդիմադիր դաշտում հեգեմոն իշխանությունը պահելու համար։ Բայց ո՞վ է փորձում սրան հակառակվել։ Սա է հարցը՝ ոչ ոք։

Ավելի ցինիկ ու կոպիտ է արձագանքել ՀՀԿ երիտթևի ղեկավարը՝ հիշեցնելով Աջապահյանին նրա «նիկոլական» անցյալը և սպառնացել հետագայում ավելի կոպիտ պատասխանել։

Ինչևէ, ակնհայտ է, որ ընդդիմության մեջ պառակտումը, որի մասին մենք դեռ վաղուց էինք խոսում, ջրի երես է դուրս եկել։ Կիրակի օրը «սրբազան» կոչվող շարժումը հերթական հանրահավաքն է հրավիրել՝ կրկին Հանրապետության հրապարակում։ Այդ հանրահավաքում հետաքրքիր է հետևել ոչ միայն բեմահարթակից ելույթ ունեցողներին, այլև ներքևում կանգնողներին՝ արդյոք նախկին նախագահները կամ նրանց թիմակիցները ներկա կլինե՞ն։

Ի դեպ՝ անգամ վերջին հանրահավաքին շարժումը ամբողջապես զերծ չէր նախկինների ներկայությունից։ Կարեն Բեքարյան, Էդգար Ղազարյան… սրանք Սերժ Սարգսյանի թիմակիցներն են։ Եթե Միքայել սրբազանն ուզում է նախկինների լիակատար հեռացում, ապա դա նշանակում է նաև նրանց թիմակիցների հեռացում։ Եվ այդ ժամանակ հարց է առաջանում՝ ո՞վ է կազմակերպելու և ֆինանսավորելու ընդդիմադիր շարժումը։ Իսկ եթե Միքայել սրբազանը ցանկանում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը հեռանան, սակայն ռեսուրսները թողնեն, ապա ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, որովհետև նախ այդպես չի լինում, և հետո ոչինչ չի ստացվի։ Որովհետև, ինչպես վերևում նշեցինք, մարդիկ մերժում են ոչ միայն նախկին նախագահներին, այլև նրանց ողջ համակարգը։ Հետևաբար՝ անգամ այդ դեպքում մարդիկ չեն միանա այդ շարժմանը։

Ակնհայտ է, որ հերթական շարժումը տապալվեց։ Եվ ակնհայտ է նաև, որ կողմերը գնալու են հերթական ընտրությունների ճանապարհով՝ իհարկե այս ընթացքում տաք պահելով փողոցային հարթակը, որ անհրաժեշտության դեպքում, արտաքին իրավիճակներին արձագանքելով, ակտիվացնեն փողոցային պայքարն ու ներքին անկայունությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ