Գալստանյանի հանրահավաքի մասնակիցներին կաշառքով շահագրգռելու վերաբերյալ մեղադրանքները դատարան են ուղարկվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով քաղաքացիներին գումար բաժանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրական եզրակացությունները Լոռու մարզի դատախազությունն ուղարկել է դատարան։ Խոսքը մասնավորապես երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացության մասին է, որոնք ուղարկվել են Լոռու մարզի քրեական դատարան։

Araratnews.am-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վանաձորի բնակիչ Վահե Գերասիմի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» համակիր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 2024 թվականի փետրվարի 24-ին կայանալիք հավաքին մասնակցություն ապահովելու նպատակով թիրախավորելով սոցիալապես անապահով քաղաքացիների, վերոհիշյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելով՝ յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ, միկրոավտոբուսներով փոխադրել է Էջմիածին քաղաք, որտեղ հիշյալ անձինք մասնակցել են հավաքին: Բացի այդ Վահե Վարդանյանը Տավուշի մարզում ընթացող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, դարձյալ թիրախավորելով սոցիալապես անապահով քաղաքացիների, վերոհիշյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելով՝ յուրաքանչյուրին տրամադրելով 3000-ական ՀՀ դրամ, 2024 թվականի ապրիլի 24-ին թեթև մարդատար ավտոմեքենայով փոխադրել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հիշյալ անձինք մասնակցել են հավաքին:

Վահե Վարդանյանը Երևան քաղաքում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով վերստին թիրախավորելով սոցիալապես անապահով քաղաքացիների, վերոհիշյալ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելով՝ յուրաքանչյուրին խոստանալով տրամադրել սնունդ և 3000-ական ՀՀ դրամ, թեթև մարդատար ավտոմեքենայով 2024 թվականի մայիսի 9-ին փոխադրել է Երևան քաղաք, որտեղ հիշյալ անձինք մասնակցել են Հանրապետության հրապարակում կայացած հավաքին:

Այս գործով առաջիկա դատական լսումները դատարանը նշանակել է հոկտեմբերի 10-ին։

Դատարան ուղարկված մյուս քրեական գործով էլ մեղադրյալը Գարիկ Գառնիկի Ղուկասյանն է, որին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի ապրիլ ամսին Տավուշի մարզում սկսված և մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող «Տավուշը հանուն հայրենիքի» հավաքներին մասնակցություն ապահովելու նպատակով, ինչպես ինքնությունները դեռևս չպարզված մի շարք անձանց, այնպես էլ Մերի Կարոյանին նյութապես շահագրգռելու, մասնավորապես՝ վերջինիս 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում քննությամբ չպարզված օրը, բջջային հավելվածով ունեցած զանգի միջոցով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում աշխատանքի ընդունվելիս օժանդակել խոստանալու համար, ինչպես նաև ինքնությունները չպարզված մի շարք այլ անձանց տարբեր չափերի գումարներ տրամադրելու համար։

Բացի այդ Գարիկ Ղուկասյանը տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ «168.am» լրատվական կայքին 2024 թվականի մայիսի 21-ին տրված հարցազրույցում փաստացի գիտակցելով, որ իր խոսքը լրատվական կայքի հեռարձակմամբ անմիջապես հասանելի է դառնում հանրության լայն շրջանակի առջև, հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նույն հարցազրույցում հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ:

Լոռու մարզի քրեական դատարանում քննվող այս գործով էլ դատական առաջիկա նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ