«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Համոզված եմ՝ Իսրայելը շաբաթի պահքից հետո կհարվածի Իրանին և կարծում եմ, որ հենց միջուկային օբյեկտներին։ Իրավիճակից օգտվելով, իրեն տարածաշրջանային Բոնապարտ հռչակած Իլհամ Ալիևը հիշեցնում է իր մասին՝ կոշտ քննադատելով նախ ԱՄՆ-ին, հետո Հայաստանին։ Վստահ եմ, որ Նյու Յորք չգնալու (որ խոստացվել էր) և COP 29-ից առաջ խաղաղության փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու հետևանքների մասին Վաշինգթոնը զգուշացրել է Ադրբեջանին, որից էլ բորբոքվել է Ալիևը ու հայտարարել, որ ԱՄՆ-ը չգնահատող ու անշնորհակալ է և ի հակադրություն ԱՄՆ-ի՝ ինքը նոր ագրեսիա կձեռնարկի, քանի որ ինքնուրույն է և չի վախենում ոչ մեկից։ Չբացառելով (ինչպես կասեր լուսահոգի Վանո Սիրադեղյանը) ախմախության կանխավարկածը, ես քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կգնա լուրջ սրացումների ու ամբողջությամբ կտեղավորվի հակաամերիկյան ճամբարում: Ոչ միայն այն պատճառով, որ դա չի բխում իր ռազմատնտեսական շահերից, այլև կատեգորիկ դեմ կլինի Թուրքիան, թեկուզ միայն այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։
Դիտարկենք՝ թե իրավիճակի սրման, բացի մանր-մունր սահմանային ընդհարումներից, ի՞նչ տարբերակներ ունի Ադրբեջանը.
1. ՀՀ-ին սահմանակից որևէ հատվածում ընդհարում կազմակերպել և նոր տարածք գրավել… ՀՀ տարածքից որևէ գյուղ գրավելը չի կարող ավելի ձեռնտու լինել պատժամիջոցներին հետևող վնասից, որոնց տակ միանշանակ կհայտնվի Ադրբեջանը։ Երկրորդ՝ գյուղ գրավելը հաստատ հեշտ չի լինելու և ծանր գին են վճարելու։
2.Կետային հարվածներ ՀՀ ռազմական օբյեկտներին։ Այդ պարագայում Ադրբեջանը պետք է խախտի ՀՀ օդային տարածքը: Ակնհայտ է, որ ՌԴ ՀՕՊ համակարգերը վատն են և նման հնարավորություն Ադրբեջանը ունի, բայց դա կնշանակի ամբողջությամբ վարկաբեկել ՌԴ-ին, քանի որ մենք համատեղ ՀՕՊ համակարգում ենք և նման խախտումից հետո ոչինչ չի մնա, քան պահանջել, որ 102-րդ ՌԴ ռազմական բազան լքի ՀՀ տարածքը։ Անտրամաբանական է տեղավորվել հակաամերիկյան ճամբարում և վարկաբեկել Ռուսաստանին։
3.Փորձի ուժով բացել Մեղրիի միջանցքը՝ սա ամենաանպիտան տարբերակն է։ Նախ բացելուց հետո Ադրբեջանը կընկնի պատժամիջոցների տակ, իսկ միջանցքը ստիպված կլինի հանձնել ՌԴ-ին, ըստ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի, որը Ադրբեջանը հրապարակավ ընդունում է։ Երկրորդ՝ Ադրբեջանը շիա մահմեդական երկիր է և նման քայլը մահմեդական աշխարհը կդիտարկի պատերազմական վիճակում գտնվող Իրանի դեմ երկրորդ ճակատի բացում, որին որևէ պարագայում չի գնա Ադրբեջանը, առավել ևս, որ Իրան-Իսրայել հակամարտությունում Թուրքիան Իրանի կողմն է։ Բացի այդ՝ ցանկացած տարբերակի դեպքում Ալիևը վտանգում է COP 29-ը ընդհանրապես, որի հետ իր իշխանության լեգիտիմացման ու Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանի գերտերության միջազգային ճանաչման հույսեր է կապում Ալիևը (կարևոր չէ, որ այդպես չէ, կարևորը տպավորություն ստեղծելն է):
Ստացվում է, որ եթե հանենք ախմախության կանխավարկածը, Ադրբեջանի նախագահի հոխորտալը անկյունում չհայտնվելու և բանակցային գործընթացում գին բարձրացնելու նպատակ ունի ընդամենը։ Իսկ ո՞վ է պարտադրում Ադրբեջանին միջազգային օրենքներին ենթարկվել և հարգել հարևանների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը։ Ակնհայտ է, որ այն երկրներն են, ումից երեկ բողոքում և ում անշնորհակալ էր անվանում Ալիևը։ Հետևաբար՝ մեր անվտանգությունը և տեղը միավորված Արևմուտքի կողքին է, հանձին Եվրոպական Միության և ի՞նչը ձեռնատու չէ Ադրբեջանին, ձեռնատու է մեզ ու, ինչպես կասեր լուսահոգի մայրս, հենց Ալիևի ինադու, ստորագրենք ԵՄ-ին անդամակցելու օգտին, ապահովագրելով մեր և մեր սիրելիների անվտանգությունը և բարեկեցությունը։ Այդ ստորագրությունը ոչ միայն այսօրվա համար է՝ որոշակի ու խիստ կարևոր խնդիրներ լուծելու նպատակով, այլև՝ վաղվա, այլև՝ հեռանկարի, որ կարողանալու ենք հաղթահարել ՌԴ-ի հետ համագործակցությամբ պարտադրված տնտեսական հետամնացությունը, կոռուպցիան, ինքնիշխանությունը կորցնելու վտանգը: Դա քաղաքակրթական ընտրություն է՝ հանուն այսօրվա ու վաղվա անվտանգության և զարգացման, և բոլոր նրանք, որ շարունակում են վախենալ ու վախեցնել ՌԴ-ից բխող վտանգներով, ավելի մեծ վտանգ են, որովհետև առաջարկում են ընդմիշտ վախենալով մնալ հարվածի տակ ու չպաշտպանվել, երբ քեզ վրա կրակում են ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Դա հաստատ մեր ճանապարհը չէ, դա պետության ինքնասպանության ճանապարհն է, երբ կա խաղաղ, հանգիստ ու բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Պարզապես պետք է օգտագործել մեզ տրված եզակի շանսը»։