Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սրբազան» կոչվող շարժման մասին մեր նախորդ հրապարակումներում բարեկամաբար առաջարկել էինք այս՝ կանխատեսելի ելքով ավանտյուրայի կազմկոմիտեին դադարել զբաղվել «սիզիփոսյան աշխատանքով»՝ փակել «գրասենյակը», տուն ուղարկել աջակիցներին եւ նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին։

Նաեւ կանխատեսել էինք՝ քաղաքական մարգինալ եւ նախկին նախագահների կողմից ուղղորդվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հավաքվել են Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շուրջ եւ «քաղաքական խորհուրդ» ձեւավորել, չեն հաջողելու եւ շարժման կեսից վերածվելու են մերօրյա «Բաբելոնի աշտարակաշինարարների»։

Ինչո՞ւ, քանի որ հնարավոր չէ նույն դեմքերով՝ դերասանական անտաղանդ կազմով ու «պրոֆնեգոդնի» ռեժիսորով, նույն պիեսը բեմադրել ու ակնկալել ցնցող արդյունք եւ հանդիսատեսի ծափեր։ Ընդ որում՝ արդեն երրորդ անգամ։

Մեր «մարգարեությունը», ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, կարծեք իրականություն է դառնում։ Ականատեսն ենք «թեժ աշնան» մասին ընդդիմության խոստման կատարմանը, բայց ոչ թե կուռ ու բյուրեղացած քաղաքական թիմի, մեկ մարդու պես ոտքի ելած ժողովրդի եւ հրապարակներում մոլեգնող բազմամարդ հանրահավաքների, այլ՝ ընդդիմության ներքին խոհանոցում բռնկված հրդեհի եւ այլեւս մարած շարքերի տեսքով։

Ընդդիմության «տանը» բռնկվելիք հրդեհի առաջին «կայծերը» նկատելի էին դեռ հունիսի սկզբից, երբ «Հիմարների նավը» (տես՝ Հ․ Բոսխի համանուն կտավը) լքեց շարժման համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանը, սեպտեմբերի 20-ին էլ ԱԺԲ-ն «ցտեսություն» ասաց շարժմանը՝ որոշումը պատճառաբանելով մասնավորապես «վերջերս ի հայտ եկած շարժման որոշակի անընդունելի դրսեւորումներով»։

Ս. Պետրոսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, քողազերծեց շարժման կուլիսներում ծավալվող գզվռտոցն ու սոդոմգոմորական կրքերը, եւ ակնհայտ դարձավ, որ Գալստանյանն ընդամենը շիրմա է, որի հետեւում ծվարած նախկին ռեժմի պարագլուխներն ու նրանց ադեպտները կատաղի պայքար են մղում ոչ այնքան գլխավոր «թիրախ»-ի՝ իշխանության դեմ, այլ՝ իրար՝ նվաճելու «առաջին պլանի լավագույն դերասանի», ներողություն՝ ընդդիմադիրի տիտղոսը։

Այս անառողջ կրքերը, ի դեպ, նկատելի էին նաեւ «Դիմադրության» շարժման օրերին, երբ նախկին նախագահների միջեւ ներքին մրցակցությունը՝ լինել շարժման առաջին պլանում, ուղղակի աչք էր ծակում, ինչն էլ հետագայում հանեց շարժման «աչքը»՝ դատապարտելով կատարյալ ձախողման։ Ահա թե ինչու «Դիմադրության շարժում-2»-ը որոշեց հեռու մնալ նախկին նախագահների ստվերից, սակայն հայտնի է, չէ՞, որ․ «Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի եւ ի հայտ չգա»։

Ի դեպ, շարժման կազմկոմիտեում տիրող «արտակարգ իրավիճակի» մասին, բայց փոքր-ինչ այլ համատեքստում մոտ երկու շաբաթ առաջ աղաղակել էր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ու հորդորել ընդդիմության իր գործընկերներին իրար վրա «ջուր չպզզացնել»։

«Հիմա մեր տունը վառվում ա, որպեսզի տունը հանգցնենք, էդ հրշեջները, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ն ա, չպտի ջուրը պզզցնեն իրար վրա, այլ պտի էդ տան կրակը մարեն։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս, մեկն էլ՝ մենք, էդ կրակը ուզում ենք մարենք, հետեւից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք, ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզո՞ւմ ենք իշխանափոխություն, գիտակցո՞ւմ ենք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, բերեք շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք»,- հորդորել էր կարկառուն ՀՀԿ-ականը։

Թե ովքե՞ր էին այդ անկարգ տղաները, կարելի է միայն ենթադրել։

Օրերս էլ, ահա, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սկանդալային հարցազրույցում «իր բաժին բենզինը» «պզզացրեց» Շարմազանովի ասած «հրդեհի» վրա։

Մասնավորապես՝ Գալստանյանի առաջնորդած շարժման անհաջողության համար նախկին նախագահներին մեղադրելուց, նրանց հեռանալու կոչ անելուց բացի՝ այսպիսի ուշագրավ դիտարկում էլ նա արեց․ «Չպիտի Բագրատ սրբազանը գնա, իրենց ասի՝ հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան․․․․ Իրենք փորձում են ներկայացնել, Բագրատ սրբազանի մոտ էլ այն տպավորությունը, թերեւս, ստեղծել, որ առանց մեզ ոչ մի բան էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում․․․»։

Ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը։ Ենթադրում ենք՝ ռեսուրս ասելով՝ նկատի է առնվում միայն ֆինանսականն ու քարոզչականը (այո, նախկին ռեժիմն ունի փող ու ԶԼՄ-ներ՝ ֆեյքերի հսկա բանակը չհաշված), քանի որ ամենակարեւոր ու շարժման հաջողությունը երաշխավորող ռեսուրսը՝ հանրային աջակցությունը, պարագլուխները չունեն։

Ռեսուրսների մասին խոսակցության համատեքստում նկատենք՝ շարժման ագիտպրոպը հաճախ է խոսում մայիսի 9-ի հանրահավաքի մասին (Աջապահյանն էլ, ի դեպ) եւ ընդգծում, թե այն ամենաբազմամարդ հավաքն էր՝ ընդդիմության՝ նախորդ շարժումների ժամանակ տեղի ունեցած հավաքների համեմատ։ Արդ, հարց է ծագում՝ այդ 32 հազար հոգին Բագրատ սրբազանին հավատացած, նրան աջակցող հանրային ռեսու՞րսն էր, թե՞ նախկին երկու նախագահներինը միասին վերացրած (մարդա՝ 15 հազար)։

Նկատենք, որ 32-հազարանոց այդ հանրահավաքում մեծ թիվ էին կազմում նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք եթե դեպքերի բերումով ՀՀ-ում չլինեին, չմասնակցեին, ապա մեծ հավանականությամբ «սրբազան շարժման» հանրային աջակիցների թիվը 32 հազարի էլ չէր ձգելու եւ գուցե ունենար նույնքան մասնակցություն, որքան «Դիմադրության» շարժումը։

Դատելով վերջին՝ հոկտեմբերի 2-ի հավաքի չափազանց սակավամարդ լինելուց՝ կարելի է եզրակացնել՝ կա՛մ նախկին նախագահներն արդեն իսկ «խռովել», իրենց ռեսուրսն առել ու հեռացել են շարժումից (եւ, այսպես ասած՝ տակը մնացել են զուտ Գալստանյանին աջակցողները), կա՛մ էլ նրանց հանրային աջակցության աստիճանը մաշվելով՝ հասել է կատաստրոֆիկ ցածր աստիճանի՝ 32 հազարից՝ 2 հազարի։

Մի հանգամանք էլ․ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) ամիսներ առաջ (մարտին) հրապարակել էր հանրային կարծիքի ուսումնասիրման արդյուները, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանին վստահում է հարցմանը մասնակցողների 2%-ը։ Սերժ Սարգսյանը, ի դեպ, սույն սոցհարցման արդյունքներից դատելով, անգամ չէր ներառվել հասարակության շրջանում վստահություն վայելող գործիչների ցանկում։

Եթե առաջիկա կիրակի լինեին ընտրություններ, ապա, ըստ IRI-ի, հարցվածների միայն 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ «Հայաստանի հանրապետական կուսակցության» օգտին՝ 2%-ը։

2-տոկոսանոց հանրային վստահություն ունեցող այս գործիչները (դա էլ հո մենք չենք ասում, միջազգային կազմակերպությունն է վկայում) արդյոք կարո՞ղ էին քաղաքական շարժում առաջնորդել, հանրային աջակցություն գեներացնել ու հաջողության հասնել։ Հազիվ թե։ Դրա համար ունենք այն, ինչ ունենք՝ որպես «ֆուտլյար» օգտագործված եկեղեցական, որին, փաստորեն, ելնելով Աջապահյանի խոսքերից, ներշնչում են, ավելի ճիշտ՝ երեստվանք են անում, թե՝ «մե՜նք, մեր ռեսուրսով, որ չլինենք, դու կորած ես, շարժումը կգցես ոտքիդ՝ դրանից բխող հետեւանքներով»։ Ինչ-որ բան հուշում է, որ մոտ ժամանակներս այդ՝ ենթադրյալ հետեւանքների ականատեսը կլինենք։

Ի դեպ, դատարան են ուղարկվել մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու փաստով հարուցված քրեական գործերով մեղադրական եզրակացությունները։ Մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքին մասնակիցների մի մասը, ստացվում է, փողի դիմաց է մասնակցել։ Այնպես որ, նույնիսկ այդ 32 հազար թիվը ապահովվել է խարդախությամբ՝ կեղծելով շարժման հանրային աջակցության իրական պատկերը։

Շարժում մի ասա, քաղաքական տրագիֆարս ասա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ