Գալստանյանին ստիպո՞ւմ են լինել ձախողված սրբազան շարժման առաջնորդ. Նա կորցրել է իր «ֆունկցիոնալությունը»

Հայտնի խոսք կա. «Եթե մարդուն ուզում ես ճանաչել, ապա նրան կամ փող տուր, կամ պաշտոն»։ Հոկտեմբերի 2-ին հրավիրված «հուժկու» հանրահավաքից հետո Հանրային հեռուստատեսություն գնացած Բագրատ Գալստանյանի ելույթը ստիպեց եզրակացնել՝ եթե ուզում ես մարդուն (հատկապես քաղաքականություն մտած) ճանաչել, ապա նախքան փող ու պաշտոն տալը նրան եթեր տուր։ Այո, տուր նրան եթեր, և նա արքիմեդյան ջերմեռանդությամբ կշրջի՝ կբացահայտի ռևանշիստների սանձազերծած հերթական շարժման սնանկությունը, անծրագիր լինելը («մեր հիմնական ծրագիրը, որպես ուղղություն, այս չարիքից ազատվելն է և վռնդելն է»՝ երեկ ազդարարեց շարժման առաջնորդը), կապացուցի, որ անցած 6 ամիսների ընթացքում այդպես էլ չի կայացել որպես քաղաքական գործիչ, ուր մնաց թե՝ վարչապետի թեկնածու, և որ ամենացավալին է՝ վերջացել է որպես եկեղեցական։

Հ1-ի տաղավարում տեղի ունեցած կամավոր ինքնաբացահայտումից հետո տրամաբանական կլիներ, որ խաչը վզից հանած՝ եկեղեցական ծառայությունը կասեցրած արքեպիսկոպոսն ազդարարեր պայքարի առաջնորդությունից հրաժարվելու ու ճգնակեցության մեկնելու մասին, սակայն ոչ, որոշվեց խայտառակությունն է՛լ ավելի սաստկացնել ու երկարացնել դրա տևողությունը՝ նոր հանրահավաքի օր նշանակելով հոկտեմբերի 6-ին։ Անկեղծ ասած, մեզ անհանգստություն է պատճառում սրբազանի անոմալ համառությունը՝ շարունակել մի բան, որի ֆիասկոն տեսանելի էր դեռ մայիսի վերջին։ Գուցե նրան հայտնի շահագրգիռ խմբակները ստիպում են շարունակե՞լ գնալ ինքնախորտակման ճանապարհով՝ «ձեռք ես տվել, մինչև վերջ պիտի խաղաս» պարտադրելով։ Ակնհայտ է, որ եթե սրբազանը լքի շարժումը, հաջորդ իսկ վայրկյանից ի հայտ է գալու բարդագույն հարցը՝ ո՞վ է առաջնորդելու իշխանափոխության այս ավանտյուրան, ո՞վ է ռիսկ անելու ստանձնել դրա պատասխանատվությունն ու կրել վերահաս «քաղաքական կապիտուլյացիայի» ամոթը։ «Խարիզմատիկ» ու «տաղանդավոր հռետոր» Գառնիկ Դանիելյա՞նը, մի անգամ իրեն ընդդիմության առաջնորդ երևակայած ու շարքից դուրս եկած Իշխան Սաղաթելյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանի երբեմնի կադրերը, մասնավորապես՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, Էդգար Ղազարյանը և կամ Արման Թաթոյանը։ Շարժումը մտել է փակուղի ոչ միայն հանրային աջակցության տոտալ նվազման առումով՝ անցած 6 ամիսների ընթացքում սրբազանին հավատացածների ու նրա հետևից գնացածների թիվը նվազել է առնվազն 30 հազարով (մայիսի 9-ի՝ շարժման առաջին հանրահավաքին մասնակցել է շուրջ 32 հազար մարդ, իսկ հոկտեմբերի 2-ի հավաքին՝ հազիվ 2 հազար մարդ), այլև գլխավոր-գործող դեմքերի ու լիդերի։ Բագրատ Գալստանյանն, այո, անցումային լիդերն էր շարժման սկզբնական շրջանում, հանրային որոշակի կոնսոլիդացիա ապահովելու տեսանկյունից, և այդ գործը, հանուն արդարության նշենք, նա կարողացավ ինչ-որ շրջափուլ ապահովել։ Սակայն այժմ սրբազանի ուժերը վեր են անգամ այդ՝ համախմբող առաքելությունն ապահովելու հարցում։ Հետևապես եկել է շարժման հետագա ճակատագիրը որոշելու պահը. կամ հոգևորական լիդերը լքում է դաշտն ու վերադառնում է «տաճար», կամ էլ դաշտը թողնում է քաղաքական նոր լիդերներին, որոնք ի վիճակի են վերակենդանացնել շարժումն ու «գործը հասցնել տրամաբանական ավարտին»։

Կա նաև երրորդ տարբերակը, որը, թերևս, ամենախելամիտն ու ադեկվատն է՝ հաշվի առնելով ռադիկալ ընդդիմության հանրային աջակցության խիստ ցածր աստիճանը. շարժումն ազդարարում է՝ «ֆենիտե լա կոմեդիա»-ի մասին ու ցրվում է տներով՝պատրաստվելու գալիք ընտրություններին։

«Անառակ որդին» չի ուզում վերադառնալ տաճար…

Կա տեսակետ, որ Բագրատ Գալստանյանը մտադիր չէ հեռանալ շարժման առաջնորդությունից զուտ պատվախնդրությունից դրդված, «մինչև վերջ խոսքի տերը լինելու», այսպես ասած, «գողական պանյատներից» դրդված։ Այլ խոսքով՝ չի ուզում ընդունել, որ սա իր պարտությունն է թե՛ որպես հոգևորական, որը եկեղեցու հեղինակությանը մեծ հարված հասցնելու գնով անգամ չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակին, թե՛ որպես հանրային գործիչ, որը ոտքի հանեց ժողովրդին, բայց ժողովուրդը մինչև վերջ չգնաց նրա հետևից։ Սրբազանը, մեր տպավորությամբ, հայտնվել է աննախանձելի՝ «անառակ որդու» կարգավիճակում, սակայն իր մեջ այդքան ուժ, իմաստնություն ու խիզախություն չի գտնում թողություն խնդրելու և տաճար վերադառնալու համար։

Նկատենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով Գալստանյանի՝ քաղաքականություն մտնելու հանգամանքին, նշել էր. «Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ սրբազանը ներգրավվեց այնպիսի մի պրոցեսի մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում։ Եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում։ Իշխանության հասնելու որևէ ձգտում, որևէ առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, ապա նշել ենք, որ քաղաքական իշխանություն դառնալու ցանկությունը անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ սրբազանի խնդրանքին՝ առժամապես դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն՝ այդ պահից սկսած Բագրատ սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»։ Խաչատրյանը նշել էր նաև, որ իրավիճակը «ոչ ստանդարտների ոլորտից» է, և «ընդհանուր առմամբ մենք այդպիսի իրավիճակ չենք ունեցել, երբ հոգևորականը տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ առաջադրված լինի վարչապետի թեկնածու։ Ես ինքս խոսել եմ իր հետ, և դա իր լավագույն երազների ոլորտից չէր՝ վարչապետի թեկնածու դառնալ։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված է եղել ընդունելու այդ առաջարկը, քանի որ համախմբումը գոյացել է իր անձի շուրջը։ Այս իրավիճակում մեր կողմից առաջադրված, գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամապես կասեցվեր, սառեցվեր իր հոգևոր ծառայությունը, որպեսզի հնարավորություն ունենար շարունակել։ Իսկ ընտրությունն իրենն է։ Բնականաբար, եթե հոգևոր ծառայությունը կասեցվում է առժամապես, այս որոշման մեջ արտացոլված է եկեղեցու՝ որպես ամբողջական ինստիտուտի կեցվածքը»։

Արշակ սրբազանն այնուհետ կայքերից մեկի հետ զրույցում լրացուցիչ պարզաբանել էր՝ «վերադարձի հնարավորությունը փակված չի, ինքը շարունակում է լինել եպիսկոպոս՝ արքեպիսկոպոսական հանգամանքի մեջ»։

Հիմա, փաստորեն, երբ շարժումը ձախողվել է, այսինքն՝ բանը չի հասել այն իրավիճակին, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնվի, Գալստանյանն էլ առաջադրվի վարչապետի միասնական թեկնածու (ավելին՝ Գալստանյանն այլևս ի վիճակի չէ կատարել կոնսոլիդացնող առանցքի ֆունկցիան), կասեցված լիազորություններով Տավուշի թեմի առաջնորդը կարող է, ինչպես կասեր ժողովուրդը՝ «շառը քաշել» քաղաքականությունից ու վերադառնալ սահմանազատված Տավուշ։ Այն պատճառը, ինչի համար սկսվել էր այս շարժումը՝ կասեցնելու Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացը, այլևս չկա։ Մայր Աթոռի դիվանապետի վերոհիշյալ հուշումը այդ մասին էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ